Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների ստուգումների շուրջ Բաքուն և Թեհրանը բարձր մակարդակի քննարկումներ են վարում։ Երկու երկրների միջև լարվածության պատճառ դարձած հարցը նախօրեին քննարկել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու այդ երկրում Իրանի դեսպանը։
Ինչպես հայտնում է պաշտոնական Բաքուն, իրանցի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը արդունավետ քննարկումներ է ունեցել «երկկողմ օրակարգի հարցերի շուրջ և քննարկել դրանց հաղթահարման ուղիները»։ Հաջիևը այդ մասին իր թվիթերյան գրառման մեջ, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որոնք են այդ հարցերը և դրանց լուծման ճանապարհները։
Իրանցի դիվանագետն իր հերթին է ակնարկել երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին՝ նույնպես նախընտրելով փակագծեր չբացել:
«Քննարկվել են ընդհանուր մտահոգություն հարուցած հարցերը», - Թվիթերում տեղեկացրել է Սեյեդ Աբաս Մուսավին, ով անցած օրերին հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ լսելու Բաքվի բողոքը դեպի Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների բեռնափոխադրումների առնչությամբ։
Պաշտոնական Երևանն ու Բաքուն հաստատել են՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։ Հայկական կողմը տեղեկացրել է, որ «Ադրբեջանի ոստիկանությունն ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը»։
Ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե իր հարկային օրենսգրքով՝ երկիր մուտք գործող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները հարկվում են, մասնավորապես՝ ճանապարհային հարկով և Ադրբեջանի տարածքում միջազգային փոխադրումներ կատարելու համար։
44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։
Ալիևի վարչակազմը նաև ռուսական կողմին է դիմել՝ Ղարաբաղ «փոխադրումների անօրինական անցումը» կանխելու համար։ Մոսկվան առայժմ չի արձագանքել։
«Բաքուն մտադիր չէ աչք փակել այդ հարցի վրա» , - «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն՝ շեշտելով․ - «Մենք սպասում ենք Ռուսաստանի հստակ քայլերին։ Միևնույն ժամանակ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ»։
«Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի տվյալներով, այդուհանդերձ, Իրանը ոչ միայն չի դադարեցրել բեռնափոխադրումները , այլ նաև ավելացրել է դրանց քանակը։ Փորձագետի խոսքով՝ Բաքուն որպես պատասխան քայլ պետք է իջեցնի Թեհրանի հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների և դրանց ղեկավարության նկատմամբ։
«Երրորդ քայլն իրականացվել է երեկ։ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատվածում ուժեղացվել է վերահսկողությունը և ստուգվում են Իրանի բեռնատարները», - «Թուրան» գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանցի փորձագետը։