Գերմանիայի կանցլերի թեկնածուներից ամենամեծ աջակցությունն ունի գործող փոխկանցլեր Շոլցը` ըստ ARD -ի հարցումների

Գերմանական Բունդեսթագի ընտրություններից երկու շաբաթ առաջ իշխող կուսակցությունը չի շտապում շամպայն բացել, բայց պատրաստ պահում է սառնարանում։

Գերմանիայի Հանրային հեռուստաընկերության եթերում նախօրեին տեղի ունեցած հեռուստաբանավեճի արդյունքներով` կանցլերի թեկնածուներից ամենամեծ աջակցությունը վայելում է սոցիալ-դեմոկրատների թեկնածուն՝ գործող փոխկանցլեր Օլաֆ Շոլցը։ ARD -ի հարցումների համաձայն` Շոլցին աջակցում է ընտրողների 41 տոկոսը՝ նրան համարելով ամենաուժեղ թեկնածու, մինչդեռ նրա երկու մրցակիցները՝ գործող կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Արմին Լաշետը և ընդդիմադիր «կանաչների» թեկնածուն՝ Աննալենա Բերբոկն ունեն համապատասխանաբար 27 և 25 տոկոս քվեի հնարավորություն։

Գերմանական մամուլը, վերլուծելով թեկնածուների թվով երկրորդ այս հեռուստաբանավեճը, փաստում է՝ իշխող թեկնածուի գլխավոր խնդիրն իր մրցակցի նկատմամբ ընտրողների վստահությունը խարխլելն էր։

Չնայած նույն՝ բորդո գույնի փողկապներին, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող երկու թեկնածուների միջև, մեղմ ասած, այդպես էլ հարմոնիա չնկատվեց։

Մերկելի կուսակիցը, ով բավական խոստումնալից էր սկսել նախընտրական քարոզարշավը և հանդես է գալիս կենտրոնամետ դիրքերից, հիմնական մրցակցին՝ ֆինանսների գործող նախարարին փորձում էր մեղադրել խոշոր ֆինանսական սկանդալների մեջ։

Արմին Լաշետի խոսքով` կանցլերի առաջատար թեկնածուն, որ ժամանակին զբաղեցնում էր հայրենի Համբուրգի քաղաքապետի պաշտոնը, առնչություն ունի խոշոր ֆինանսական մեքենայությունների հետ։ Մասնագիտությամբ իրավաբան 63-ամյա Շոլցի անունը կապվում է նաև այսպես կոչված` CumEx-ի՝ խոշոր չափի հարկերից խուսափելու փաստով աղմկարահույց գործի հետ։

Եվ չնայած ծանր մեղադրանքներին` Մերկելի հետևորդը դառնալ ցանկացող Լաշետին, այդուհանդերձ, չհաջողվեց շահել ընտրողների համակրանքը, հատկապես ի վնաս մրցակցի, որն իր հերթին բանավեճի ողջ ընթացքում կարողացավ պահպանել հանգստություն, չբորբոքվեց, հակառակորդին արձագանքեց զուսպ ու չոր, ինչի շնորհիվ մամուլը նրան կնքեց «Շոլցոմատ» մականվամբ։

Բայց լավագույն ելույթը ամենևին էլ Շոլցոմատինը չէր, համենայն դեպս ըստ գերմանացի վերլուծաբանների, «կանաչների» թեկնածու Աննալետա Բերբոքինն էր: Նա, կանգնելով իրենից շատ ավելի փորձառու և հմուտ մրցակիցների արանքում, խոսում էր ապագա սերնդի անունից՝ նախ և առաջ կենտրոնանալով դատական գործընթացների և մոլորակի փրկության խնդիրների վրա։

Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին կանաչների վարկանիշի կտրուկ անկումը` Բերբոկի արդյունքները դժվար թե վճռորոշ լինեն ընտրությունների ընթացքի համար։ Նա ակնհայտորեն վտանգ չի ներկայացնում նաև երկու մրցակիցների համար, ովքեր երեկ անթաքույց անտեսում էին նրան՝ կենտրոնանալով միմյանց վրա։

Գերմանիայի օրենսդիր մարմնի նախընտրական արշավի այս ամենակարևոր իրադարձությունը, սակայն, մեկ այլ հանգամանքով առանձնացավ։ Հեռուստաբանավեճի ընթացքում արտաքին քաղաքական հարցեր այդպես էլ չշոշափվեցին, չնայած որ Եվրամիության առաջատար անդամ Գերմանիան ըստ ամենայնի հետագայում էլ ստիպված կլինի մասնակցություն ունենալ օր օրի ավելի անկանխատեսելի դարձող աշխարհի խնդիրների լուծման հարցում։

Եվրոպական մայրացամաքի ամենաազդեցիկ երկրի առաջնորդի ղեկը ստանձնել ցանկացող քաղաքական գործիչները որևէ կերպ չանդրադարձան նույնիսկ Գերմանիայում ակտիվորեն քննարկվող արտաքին հարցերի վրա՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի, Եվրամիության ապագայի, դաշնակից Նահանգների և Չինաստանի միջև աճող լարվածության, խոսք չգնաց նաև Ռուսաստանից ու Ուկրաինայից, նույնիսկ Գերմանիայի մասնակցությամբ կառուցված վիճահարույց «Հյուսիսային հոսք-2» գազատարից։

Փոխարենը թեկնածուները վիճում էին կորոնավիրուսի դեմ պայքարի, առողջապահության հարցերի, հարկերի ու նպաստների շուրջ։

Որևէ նոր բան չհնչեց, ոչ ոք սխալներ թույլ չտվեց, համառոտ ամփոփում է գերմանական մամուլը։ Իրենց ելույթներում թեկնածուները փորձել են կարճ ձևակերպել իրենց դիրքորոշումները․ Լաշետը ցանկանում է դառնալ վստահության կանցլեր՝ ընդգծելով, որ չի ցանկանում բիզնեսի և հանրության վզին փաթաթել ինչ-որ կանոններ։

Կանաչների ներկայացուցիչը կոչ է արել վճռորոշ պայքար մղել կլիմայի փոփոխության դեմ՝ ընդգծելով, որ նոր կառավարությունը դեռևս ունի հնարավորություն ակտիվ դերակատարում ունենալ այդ գործում։

Շոլցը խոսել է համերաշխությունից և հարգանքից` խոստանալով ավելացնել նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների չափը։ Հատկապես վերջին հարցը, թերևս, անհնար է շրջանցել Գերմանիայում, քանի որ այդ երկրի ընտրողների շուրջ 40 տոկոսը 60 տարեկանից բարձր են։

Բանավեճից հետո, ինչպես այսօր քննադատում են մի շարք միջազգային լրատվամիջոցներ, տպավորություն է ստեղծվել, որ Գերմանիան արտաքին աշխարհի հետ որևէ առնչություն չունեցող կղզի է՝ կենտրոնացած բացառապես ներքին խնդիրների վրա։ Սա այն դեպքում, երբ հեռացող կանցլերը երկրին է ժառանգում աշխարհի ամենաազդեցիկ և վստահելի գործընկերոջ համբավ, որն ակտիվ մասնակից է համաշխարհային գործընթացներին։