Միացյալ Նահանգներն անում է հնարավորը՝ կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այսօր հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ազդակներ, որ Բաքուն ու Երևանը կվերադառնան Մինսկի խմբի շրջանակ, եթե այո՝ ինչպե՞ս է դա պատկերացնում, երբ Բաքուն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։
«Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը։ Իհարկե, 30 տարվա պատերազմի ու լարվածության մթնոլորտը մեկ գիշերում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար հարցեր, որոնք մենք կարևորում ենք։ Ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում», - ասաց դեսպանը:
Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսման մասին պարբերաբար բարձրաձայնում է պաշտոնական Երևանը՝ ընդգծելով, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող խմբի համանախագահող երկրները ևս՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարևորում են եռանախագահության ֆորմատով բանակցությունների վերսկսումը։
Միացյալ Նահանգների դեսպանը, այդուհանդերձ, այսօր չցանկացավ կանխատեսել, թե ինչ նախադրյալներ կան բանակցությունների իրական վերսկսման համար. «Նախադրյալների առումով ես չեմ ցանկանում երկրների անունից խոսել, բայց ՀՀ կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողություների՝ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել է, ռուսաստանյան գործընկերները՝ նույնպես և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան: Իհարկե, չկա կատարյալ հարթակ, բայց Մինսկի խումբն ունի մանդատ ու լեգիտիմություն, և մենք այն դեռևս դիտարկում ենք բանակցությունների համար համապատասխան հարթակ»։
Լին Թրեյսին անդրադարձավ նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որում տեղ էին գտել դաժան խոշտանգումների մասին Ադրբեջանում պահված հայ գերիների վկայությունները։ Դեսպանն ասաց՝ իրենք բոլոր երկրներին կոչ են անում հարգել մարդու հիմնարար իրավունքները։ Թրեյսիի խոսքով՝ իրենք ուշադիր հետևում են ինչպես Հայաստանի օմբուդսմենի, այնպես էլ այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, կշարունակեն համագործակցել բոլոր կողմերի հետ, որպեսզի մարդու իրավունքները հարգվեն։