Ըստ Գուտերեշի, Աֆղանստանի «աղետալի վիճակը նվեր է բոլոր տեսակի ահաբեկիչների համար»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Աֆղանստանի հարցով համաժողովում, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հանդես է եկել հատուկ ուղերձով, կոչ անելով միջազգային հանրությանը սատարել պատերազմներից ավերված Աֆղանստանին, կանխել այդ երկրում սոցիալական կաթվածը և բնակիչներին փրկել սովամահության վտանգից:

«Ինձ շատ է մտահոգում ահաբեկչության սպառնալիքը, մեծ թվով երկրներ պատրաստ չեն դրա դեմ պայքարել, և մեզ ավելի հզոր միասնություն է պետք և համերաշխություն է անհրաժեշտ ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Գուտերեշը:

Գուտերեշն ասել է, որ Աֆղանստանի աղետալի կացությունը «նվեր է բոլոր կարգի ահաբեկիչների համար, քանի որ նրանք գերադասում են դիրքավորվել հենց այդպիսի վիճակում հայտնված երկրներում»:

Իշխանությունը վերականգնած թալիբները հավաստիացրել են, որ ահաբեկչական խմբավորումները՝ «Ալ-Ղայդան» և «Իսլամական պետությունը», երբեք ապաստան չեն ստանա Աֆղանստանում: