Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով

Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագարում, ապա երկարաձգման որոշում կկայացվի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն, ով ավարտեց իր առաքելությունն Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։

Նա իր աշխատանքը դրական է գնահատել՝ նշելով՝ Արցախում կյանքն ընթանում է ամբողջ հունով։

«Միայն դրական եմ գնահատում իմ աշխատանքը։ Մեր աշխատանքին գնահատական տալիս է խաղաղ ժողովուրդը։ Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ հունով։ Իհարկե կան շատ բարդ հարցեր, բայց կյանքը շարունակվում է․ մարդիկ վերադառնում են, մի շարք հարցեր լուծվում են, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մուրադովը։

Նա Արցախում էր 2020-ի նոյեմբերից։ Արցախում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատարին փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։