Ֆիզուլիի շրջանում զոհվածների կամ անհետ կորածների հարազատները պահանջում են ընդլայնել պատասխանատվության շրջանակը

Պատերազմում զոհված շարքային Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը, 9-ը սեպտեմբերի, 2021թ.

Ովքե՞ր են մեղավոր անփութության, անգործության ու քաոսի համար. 44-օրյա պատերազմում Ֆիզուլիի շրջանում զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատները այս հարցերի պատասխանն ուզում են ստանալ։

Նրանք իրավապահներից պահանջում են ընդլայնել պատասխանատվության շրջանակն ու պարզել՝ ինչպես է ստացվել, որ Պաշտպանության բանակի հրամանատարի տված տեղեկության պատճառով զինվորները հարձակման են ենթարկվել և չեն կարողացել պաշտպանվել։ Զինվորների հարազատները պնդում են, որ մեղավոր է ոչ միայն կալանավորված մայոր, հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը, այլև ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականները, այդ թվում և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։

«Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել ա՝ մերոնք են, հստակ, ինչի՞ էդքան մանրակրկիտ տիրապետո՞ւմ էր բանակի հրամանատարը, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, կլինի՞ տենց բան, չի լինի: Էդ ի՞նչ հստակ ղեկավարում է տեղի ունեցել, որ մենք ամեն մի հակառակորդի շարժման մասին տեղյակ էինք այն դեպքում, որ քաոս էր տիրում Հադրութի ուղղությունում, բառի բուն իմաստով քաոս: Փոխանակ կասկածելու տեղիք տար, եթե կասկածելու չնչին տեղիք տար, որոշում կարող է այնտեղ լինել՝ կամ կրակով խոցել այդ շարժվող զորքը, և երկրորդը՝ կարային անվտանգ դուրս գալ կրակային դիրքից: Այդ երկու որոշումն էլ իրականացնելու հնարավորություն ունեին», - ասաց «Արցախի զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ, պատերազմում զոհված շարքային Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։

20-ամյա Արթուրի զորացրմանը երեք ամիս էր մնացել, բայց վրա հասած պատերազմը խլեց նրա կյանքը։ Հայրը՝ Արմեն Ասրյանը պատմեց, որ պատերազմի օրերին որդին Ֆիզուլիի շրջանում էր։ Արթուրի զոհվելու մասին իմանալուց հետո մյուս ծնողների հետ սեփական հետաքննությունն է անցկացրել, անգամ եղել է Ֆիզուլիից Հադրութ տանող ուղղությունում, մասնակցել մյուս զինվորների որոնողական աշխատանքներին։ Տեղանքի ուսումնասիրությունից, փրկված մյուս զինվորների և հրամանատարական կազմի հետ զրուցելուց հետո եզրահանգել են, որ հոկտեմբերի կեսերին Ֆիզուլիի շրջանում զոհեր և անհետ կորածներ չէին լինի, եթե հրամանները հստակ լինեին։

«Սխալ ղեկավարում է տեղի ունեցել, քաոսային իրավիճակ է տեղի ունեցել, մենք մինչև հոկտեմբերի 4-ը լավ պաշտպանություն էինք իրականացնում», - նշեց Արմեն Ասրյանը:

Ասրյանն ու մյուս ծնողները մատնացույց են անում Ջալալ Հարությունյանին ու հրամանատարական կազմի մյուս անդամներին։ Պնդում են, թե պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հրետանու պետին փոխանցել է, որ նրանց նկատած զինուժը հայկական է, ոչ թե՝ ադրբեջանական։ Այնինչ իրականում ադրբեջանցիներն են հարձակվել։

«Ես կոչ եմ անում յուրաքանչյուրիդ պայքարել, համախմբվել և պայքարել արդարության համար: Եթե իմ որդին կամ մնացածները զոհվեին ԱԹՍ-ի հարվածից, հրետակոծությունից, կասեինք՝ պատերազմ է, կռիվ է եղել, կրակային դիրք է, հակառակորդը խոցել է, մարդիկ զոհվել են, այլ կերպ կլիներ վերաբերմունքը, բայց որ թույլատրեն, հակառակորդը գա հասնի էդքան խորությամբ հրետանային-կրակային դիրք, միանշանակ, պետք է պատասխանատվություն կրեն», - ասաց հարազատներից մեկը:

Զինվորների հարազատները միայն մի հարցում են համաձայն Քննչական կոմիտեի եզրակացության հետ, որ կատարվածի մեջ մեղավոր է նաև հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը։ Գևորգյանն այս գործով միակ մեղադրյալն է։ Զինվորներից մեկը ծնողներին պատմել է, թե ինչպես է Գևորգյանը փախել՝ զինվորներին թողնելով մարտի դաշտում։

Կալանավորված դիվիզիոնի շտաբի պետ Գևորգյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ դրսևորած անգործության համար։ Քննչական կոմիտեն եզրահանգել է, որ հենց նրա անգործության հետևանքով անցած հոկտեմբերին Ֆիզուլիի հատվածում ընթացող մարտերի ժամանակ անհետ կորել է 14 զինվոր, 7-ն էլ զոհվել են։

Անցած շաբաթ զինվորականի պաշտպանը ևս մեղադրանքի սլաքներն ուղղել էր Ջալալ Հարությունյանի ուղղությամբ։ Փաստաբան Գոռ Գևորգյանը հարց էր բարձրացրել, թե ինչպե՞ս է ստացվել, որ հրամանները կատարած Գևորգյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, իսկ նրան հրաման տված ավելի բարձրաստիճան զինվորականները գործում որևէ կարգավիճակ չունեն։ Փաստաբանը պնդել էր, թե կարճ ժամանակահատվածում զորքը մի քանի հակասական հրամաններ է ստացել, մեկ՝ նահանջելու, մեկ՝ չկրակելու, վերջում էլ լսել են, որ հորդորում են փախչել:

«Վերջին հրամանը երբ ստացել է, բառացի նկարագրում է, ասում է` դիվիզիոնի հրամանատարը վազելով, հևալով, ասաց, ով ոնց կարա, հելեք էդտեղից», - նշել է փաստաբանը:

«Ազատությունը» անցած շաբաթվանից փորձում է կապ հաստատել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ, որն այժմ զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Նա մեր հեռախոսազանգերին չի արձագանքում։

Հարությունյանն անցած փետրվարին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Միևնույն ժամանակ, գեներալ-լեյտենանտը չէր հերքել, որ պատերազմի ընթացքում եղել են գեներալների, սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքեր, որոնք իրենք փորձել են ամեն կերպ կանխել, եղել են նաև ձերբակալություններ, որպեսզի դրանք չտարածվեն ամբողջ զորքի վրա: