Պարոնյանի անվան կոմեդիայի և Կամերային երաժշտական թատրոնները կմիավորվեն. թատրոնները դեմ են

Դեռ երկու ամիս առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտարարեց Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնին միավորելու և Կամերային երաժշտական թատրոնի շենքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հանձնելու մտադրության մասին, որը բուռն քննադատության արժանացավ թատերական գործիչների կողմից: Նրանք, այնուամենայնիվ, հույս ունեին, որ նման որոշում չի կայացվի:

Երեկ ուշ երեկոյան արդեն հրապարավեց երկու թատրոնների միավորման և Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ Պռոշյան 1, փակուղի 1 հասցում գտնվող շենքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անժամկետ և անհատույց հանձնելու մասին կառավարության որոշումը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անգամ չի պատկերացնում, թե ինչպես են միավորվելու երկու թատրոնները:

«Ես, անկեղծ ասած, սպասում էի, որ այնուամենայնիվ առողջ միտքը կգերակայի, կարծում էի, որ մի այլ որոշում կգտնվի, որովհետև, ըստ էության, թատերական միավոր ոչնչացվեց այսօր։ Արգումենտներ բերել, որ թատրոնի վիճակը վատ է և այլն, դա ոչ մի կապ չունի էն քայլի հետ, որ արվեց, որովհետև ամեն մշակութային հաստատություն կարող է մի օր լավ լինել, մի օր վատ լինել, դա չի նշանակում, որ պետք է գլխատվի այն», - ասաց Ղազանչյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, «Ազատության» հետ զրույցում, խոսելով երկու թատրոնների միավորման՝ նախարարության մտադրության մասին, շեշտել էր, որ Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելության և կանոնադրական խնդիրներով մոտ է այն առաքելությանը և խնդիրներին, որն ունի Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը, և իրենք, ըստ էության, ստեղծագործական ավելի լավ պայմաններ են առաջարկում Կամերային երաժշտական թատրոնին, որը, որպես երաժշտական թատրոն, չունի նվագախումբ, երգչախումբ, պարախումբ և որի ստեղծագործական կազմը միավորումից հետո ամբողջովին պահպանվելու է:

Կամերային երաժշտական թատրոնի թատերախումբը բացարձակապես համաձայն չէր միավորմանը և մի շարք ակցիաներով և ասուլիսներով իրենց բողոքն էին արտահայտում նախարարության այդ մտադրության դեմ:

Այսօր էլ Հակոբ Ղազանչյանը շեշտում է․ - «Ցավոք սրտի, ականատես ենք լինում մի որոշման, որով պետք է հրաշալի թատերական դահլիճը՝ շատ կոկիկ, շատ հարմարավետ թատերական դահլիճն ուղղակի ոչնչացվի, քարուքանդ արվի և դառնա փորձասենյակ։ Ես բազմիցս անգամ ասել եմ, որ ես չեմ պատկերացնում, որ նման մեծ նվագախումբը կարող է փոքր դահլիճում, փոքր շենքում գոյատևել։ Ինչ ասեմ, ես զարմանում եմ, որ ոչ մեկի ասածը բանի տեղ չի դրվում։ Ինչպես կարելի է էսպես վերցնել ու որոշում կայացնել։ Ես շատ վիրավորված եմ, ես շատ տխուր եմ, հաջորդ քայլերը մենք չենք պատկերացնում, թատրոնը չի պատկերացնում այդքան մարդ ընդունել։ Եթե էդպես են մտածում, թող իրենք էլ որոշեն՝ ինչ է լինելու։ Ոչ ոք իրավունք չունի թատրոնին պարտադրել, որ մենք համալրենք մեր ստեղծագործական կազմը։ Մենք չունենք [համալրելու] հնարավորությունը, իրենք ասում են՝ «մենք էդ բյուջեն տալիս ենք ձեզ»։ Աստծո սիրուն, էդ բյուջեն տվեք ուրիշին, մենք 260 հոգանոց կոլեկտիվ ենք, հազիվ ենք էդ 260 մարդուն կառավարում։ Ես չեմ պատկերացնում ովքեր որ էդ մտահղացումը մեջտեղ են գցել, ինչ են մտածել», - ասաց Ղազանչյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է երկու թատերախմբով նոր ներկայացումներ լինեն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց․ - «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց էդպես չի լինում, որ ասեն՝ «30 դերասան վերցրեք ձեզ», էթիկապես դա չի կարելի։ Մեկը մեզ հարցրե՞լ է, ասե՞լ է՝ «ձեզ պե՞տք են 30 դերասաններ»։

Ավելի վաղ Արա Խզմալյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այսօր պետությունը ունի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, հնարավորություն չունի նոր մշակութային կառույցներ ստեղծելու, կա լուրջ գույքային պակասորդ և լավագույն կոլեկտիվները, այդ թվում՝ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անգամ փորձասենյակներ չունեն, այդ իսկ պատճառով է ծագել երկու թատրոնների միավորման խնդիրը: