Մատչելիության հղումներ

«Թատրոն սիրող հանդիսատեսը միշտ գալիս է թատրոն». Մարիաննա Մխիթարյան


Հուլիս ամիսը թատերասեր հանրության համար ավանդաբար ամռան վերջին ամիսն է, երբ դեռ կարող ես թատրոն հաճախել, որովհետև օգոստոս ամսից թատրոնները հիմնականում փակում են դռները՝ հնարավորություն տալով թատերախմբերին ամառային հանգիստն անցկացնելու:

Կոնստանդին Ստանիսլավսկու անվան ռուսական դրատիկական թատրոնը ևս հետևում է այս ավանդույթին և առաջիկա օրերի համար, մինչև արձակուրդ մեկնելը, իր հանդիսատեսի համար ուշագրավ ներկայացումներ է նախապատրաստել:

Ինչպես ընդգծում է թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, կառավարության տրամադրած դրամաշնորհով կարողացել են ամառային այս շոգ օրերին, ամառային այս տապին լուծել դահլիճը զովացնելու խնդիրը նոր տեխնիկական համակարգերի շնորհիվ:

«Նախևառաջ Ռուսական դրամատիկական թատրոնը լավ նորություն ունի, շատ կարևոր հանդիսատեսի համար. դա մեր օդափոխության համակարգն է։ Հիմա դահլիճը շատ զով է, և մեր հանդիսատեսի համար շատ կոմֆորտ մթնոլորտ է ստեղծված, որպեսզի հանդիսատեսը վայելի ներկայացումը։ Դա ամենակարևոր պահերից է։ Այս ամսվա ամսի 9-ին մենք նախատեսում ենք «Օնեգին» ներկայացումը, ամսի 10-ին «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» բեմադրությունն է։ Ե'վ մեր գեղարվեստական ղեկավարի բեմադրությունն է «Սկապենի արարքները» և «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ», և' մեր երիտասարդ բեմադրիչի բեմադրությունն է «Օնեգինը», և' մեր նույնպես երիտասարդ բեմադրիչի՝ Մանվել Խաչատրյանի ներկայացումն է։ Այնպես որ, սպասում ենք մեր սիրելի հանդիսատեսին մեր շատ հով և հաճելի դահլիճում։ Մինչև հուլիսի 16-ը։ Դրանից հետո թատրոնը գնում է արձակուրդի։ Եվ արդեն նշանակված է մեր գեղարվեստական ղեկավարի առաջնախաղը սեպտեմբերի 25, 26՝ «Ծիծաղի ակադեմիան» ներկայացումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը։

Այս և մի շարք այլ բեմադրություններին զուգահեռ այս ամիս թատերասերների համար կշարունակվի նաև «Էքսկուրսիա թատրոնի կուլիսներում» ուշագրավ ծրագիրը, որը, ինչպես հավաստիացնում է Մարիաննա Մխիթարյանը, մեծ հետաքրքրությամբ է ընդունվում թատերասերների, հատկապես երիտասարդների կողմից: Կարող ես տոմս ձեռք բերել շատ մատչելի գնով և էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջել թատրոնի հետբեմական տարածքում՝ այսպիսով ծանոթանալով նաև թատրոնի ներքին, աշխատանքային առօրյային»։

«Հանդիսատեսի համար հետաքրքիր վայրերը՝ նկարչի սենյակը, մեր զգեստապահարանները։ Մեր շատ հարգելի տիկին Մարինե Մարինոսյանը, որը երկար տարիներ աշխատում է թատրոնում որպես գրական մասի վարիչ, ֆանտաստիկ լավ գիտի թատրոնը, և երևի իրենից բացի ոչ մեկ չի կարող այդպես հետաքրքիր, բովանդակալից պատմել թատրոնի մասին»։

Հարցին, թե արդյոք կարողանում են հանդիսատեսին բերել թատրոն, Մխիթարյանն արձագանքեց. - «Բոլոր դեպքերում թատրոն սիրող հանդիսատեսը միշտ գալիս է թատրոն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG