Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի բոլոր երկրներին պատվաստվածների թվով, բնակչության ընդհանուր թվի մոտ 6,7 տոկոսն է ստացել առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ, այն պարագայում, երբ Վրաստանում այս ցուցանիշը 17 տոկոս է, Ադրբեջանում՝ 35, Թուրքիայում՝ 58, Ռուսաստանում՝ 28, իսկ Իրանում՝ 16 տոկոս։
«Սա այն իրավիճակն է, երբ հանրությունը անպայման պետք է լսի խորհրդին բժիշկների կողմից և պատկան մարմինների կողմից արվող խորհրդին: Վստահությունն է պակաս, կարծում եմ», - ասաց բժիշկ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը:
Առողջապահության նախարարության այսօր հրապարակած տվյալներով՝ առնվազն 1 դեղաչափ պատվաստված մոտ 20 հազար մարդկանց 53 տոկոսը կանայք են, ամենաշատ պատվաստված տարիքային խումբն էլ 31-65 տարեկանների խումբն է։
Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների համաձայն՝ պատվաստվածների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն, աշխատանք և հայաստանյան միջին աշխատավարձից բարձր եկամուտ։ Բնակչության դեռ չպատվաստված հատվածի մոտ 50 տոկոսը հայտնել է, որ վստահաբար կամ հավանաբար չի պատվաստվելու, իսկ մոտ 40 տոկոսը պատվաստվելու ցանկություն ունի։ Չպատվաստվելու որոշում կայացրած մարդիկ որպես գլխավոր պատճառ նշել են, որ անհանգստացած են կողմնակի ազդեցություններից, թեև Հայաստանում առայժմ քովիդի դեմ պատվաստմանը հաջորդած որևէ առողջական հետևանք չի հաղորդվել։
«Ցավով պետք է նշեմ, որ այսօր նաև որոշ բժիշկների կողմից է այդ հակապատվաստումային քարոզչությունը տարվում, ինչն իմ կարծիքով, շատ տխուր է: Տխուր փաստ է, որովհետև ամբողջ աշխարհն այսօր գնում է փաստերի վրա հիմնված բժշկության ճանապարհով և եթե բժիշկը որևէ բան է ասում, դա պետք է հիմնված լինի ապացուցողական հենքի վրա, ինչը որոշ դեպքերում այսօր բացակայում է մեր երկրում», - ասաց բժիշկը:
Պատվաստումների մասին, Հովակիմյանի խոսքով, տարածված միֆերից մեկն այն է, որ եթե որևէ մարդ վարակվել է քովիդով, ապա այժմ հակամարմիններ ունի և կարող է այլևս չպատվաստվել։
«Բոլորովին չփորձելով իջեցնել բնական իմունիտետի դերը, որովհետև ես ինքս էլ կարծում եմ, որ բնական իմունիտետը շատ լուրջ դեր ունի պաշտպանության մեջ, պետք է նշեմ, որ ցավոք սրտի, հետազոտությունները կրկին ցույց են տվել, որ ինքը կարող է շատ անկայուն լինել: Քանի որ հետազոտությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վարակված անձանց մոտ կրկնակի պատվաստումը միայն դրական ազդեցություն ունի, այդ պատճառով որոշում է կայացվել, որ ճիշտ կլինի, որ նույնիսկ վարակված անձինք ստանան կրկնակի պատվաստում», - ընդգծեց սրտաբան Հովակիմյանը:
Ոչ թե արագ ինտերնետի աշտարակները հիշատակող և ֆանտաստիկ ֆիլմեր հիշեցնող, այլ անգամ որոշ բժիշկների կողմից տարածվող հաջորդ անհիմն վախը վերաբերում է պատվաստումից հետո որպես հետևանք առաջացող անպտղությանը, սա ևս միֆ է, բացատրում է սրտաբանը։
«Վերջերս Իսրայելից եղավ հետազոտություն, որի ժամանակ կանանց մոտ վերցրել էին ձվարանի կազմը և պարամետրերը և հետազոտել էին պատվաստումից առաջ ու հետո, համեմատել էին պատվաստված և չպատվաստված կանանց մոտ ձվարանի ֆունկցիան և գնահատել էին, որ էական որևէ տարբերություն այս երկու խմբերում գոյություն չունի», - ասաց Տաթևիկ Հովակիմյանը:
Եթե COVID-19-ի ի հայտ գալուց հետո առաջին ամիսներին միֆերն ու տարածված տարբեր աղավաղված այլ տեղեկությունները վերաբերում էին հիմնականում վիրուսի ստեղծմանն ու տարածմանը, ապա վերջին ամիսներին դրանք հիմնականում պատվաստանյութերի մասին են, նկատում է Գեղամ Վարդանյանը՝ media.am կայքի խմբագիրը, որը ուշադրությամբ հետևում է քովիդին առնչվող ապատեղեկատվական ալիքներին։
«Պատվաստանյութերի մասին շատ դեպքերում ինֆորմացիան Ռուսաստանից է տարածվում, չգիտեմ, ռուսական որևէ կայք վերցնում է անգլերենով հոդված, թարգմանում է կիսատ՝ աղբյուրները չպահելով: Էդ վերցված ռուսերենով հոդվածը, էլի, ըստ հարմարության թարգմանվում է հայերեն և հայտնվում է հայկական մեդիայում, ընդ որում՝ և՛ տպագիր կարող է հայտնվել, և՛ օնլայն, և՛ նաև հեռուստատեսություն հասնել, որոշ դեպքերում այդ շղթան միանշանակ աշխատել է», - ասաց Վարդանյանը:
Ովքե՞ր են շահում ապատեղեկատվական ալիքներ ստեղծելուց ու տարածելուց, Վարդանյանի կարծիքով, Հայաստանը պատվաստանյութեր արտադրող երկրների խաչման ճանապարհներին է, որպես օրինակ, Հայաստանում ռուսական «Սպուտնիկ-Վի»-ն հիմնականում դրական ընկալվող ու վստահելի պատվաստանյութ է համարվում, թեև աշխարհի տասնյակ երկրներում, դա այդպես չէ։
«Միտումը նաև Հայաստանում որոշակիորեն կարելի է դիտարկել արշավ, օրինակ, բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա»-ի նկատմամբ, դա, կարծում եմ, պատահական չէ», - ասաց Գեղամ Վարդանյանը:
«Ազատության» հարցին՝ կարծում է ռուսական մամուլի՞ց է գալիս այդ ալիքը, Media.am կայքի խմբագիրը պատասխանեց. «Հայկական մեդիան ընդհանրապես շատ-շատ օգտագործում է ռուսական մամուլը, ռուսերենով բովանդակությունը»:
Վարդանյանի խոքով՝ պատվաստման ցածր ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանը ձախողել է քովիդին առնչվող հաղորդակցության արշավը, ինչին իր հերթին նպաստել է հայկական մեդիան։