Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարը՝ Աֆղանստանի կառավարության ղեկավար

«Թալիբան»-ի համահիմնադիր Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարը, արխիվ

Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարն, ով համարվում է «Թալիբան»-ի համահիմնադիրը, քաղաքական թևի ղեկավարը և այդ շարժման ամենահեղինակավոր լիդերներից մեկը, կստանձնի Աֆղանստանի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը: Ըստ վերլուծաբանների, Բարադարը համեմատաբար չափավոր գործիչ է:

Reuters լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են, որ կառավարությունում բարձր պաշտոն կստանա «Թալիբան»-ի հանգուցյալ հիմնադիր և հոգևոր առաջնորդ Մուլլահ Մոհամադ Օմարի որդին՝ Մոհամմադ Յաքուբը:

Բարձր պաշտոն կստանա նաև Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանքեզայը:

Շարժման լիդեր Հայբաթուլահ Ախունզադան կենտրոնանալու է կրոնական խնդիրների և իսլամի կանոններով երկրի կառավարումն ապահովելու վրա:

Թալիբների համար այս պահին շատ կարևոր է դրսի ուժերի աջակցությունը, քանի որ երկրի տնտեսական և սոցիալական վիճակը շատ ծանր է:

Նրանց հաղթանակն անսպասելի չի կարելի համարել, զարմանալին, թերևս, դրա արագությունն էր: Եվ հիմա աշխարհը պետք է հաշվի նստի թալիբների հետ: Նրանք արդեն հայտնել են, որ տեսանելի ապագայում օտարերկրյա հիմնական գործընկեր են դիտում Չինաստանը:

Պեկինում արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն այսօր ասել է, որ հարկ է ամեն գնով մեղմել իրավիճակն Աֆղանստանում:

«Անհրաժեշտ է կանխել հումանիտար աղետը, կանխել քաղաքացիական նոր պատերազմը, և միաժամանակ պետք է պատասխանատվության կանչել նրանց, ովքեր կատարել են այս ամենն անցած 20 տարում: Այդ ուժերը չեն կարող անպատիժ հեռանան Աֆղանստանում մեծագույն աղետ հրահրելուց հետո, այդ ուժերը չպետք է հիմա մեղքը բարդեն Աֆղանստանի հարևանների և միջազգային հանրության վրա», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վենբինը:

Աֆղանստանի խնդիրն է անդրադարձել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այդ մասին խոսել է Վլադիվոստոկի տնտեսական համաժողովում:

«Որքան արագ թալիբները միանան քաղաքակիրթ երկրների ընտանիքին, այնքան ավելի դյուրին կդառնա նրանց հետ շփվել, նրանց առաջ ինչ-որ հարցեր դնել, ինչ-որ եղանակով նրանց վրա ազդել, նույնիսկ պահանջ ներկայացնել, առնվազն քաղաքակիրթ ձևով հարաբերություններ հաստատել», - ասել է Պուտինը:

Շփումների անհրաժեշտությունն են տեսնում նաև Եվրոպական միությունում: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի փոխանցմամբ, դա անհրաժեշտ է նախևառաջ Աֆղանստանի բնակիչներին սատարելու համար:

«Շփում չի նշանակում ճանաչում, սա կոնկրետ գործողության համար է, օպերատիվ գործակցության աստիճանը կախված կլինի այդ կառավարության կեցվածքից»,- ասել է Բորելը Սլովենիայում, որտեղ ժողովի են հավաքվել Եվրամիության արտգործնախարարները:

Առաջիկա ժամերին թալիբները պետք է հայտարարեն նոր կառավարության ծրագրի մասին: Մինչդեռ, մեծ թվով մարդիկ, հատկապես կանայք, տագնապի մեջ են, չեն հավատում քաղաքացիների իրավունքները հարգելու մասին խոստումներին:

Այսօր կանայք Քաբուլում բողոքի ցույց են անցկացրել հենց նախագահական նստավայրի մոտ:

«Մենք՝ Աֆղանստանի կանայք, ծանր աշխատել ենք, սովորել ենք 20 տարի, բայց այսօր մեզ դուրս են շպրտում կառավարությունից: Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար», - ասել է ցուցարար Հասինա Բախտարին:

Թալիբները երկիրն անվանում են «Աֆղանստանի իսլամական էմիրություն»: Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի թալիբների քաղաքականությունը:

«Թալիբ» փաշթո լեզվով նշանակում է «ուսանող», ավելի լայն իմաստով՝ «ճշմարիտ գիտելիք որոնող», «թալիբանը» դրա հոգնակին է:

Անցած դարավերջին ձևավորված այդ կրոնական-քաղաքական զինված շարժումը մեկ անգամ՝ 1996-ին, արդեն գրավել է Աֆղանստանը:

Թալիբների կառավարումը դարձել է միջնադարյան դաժանության սիմվոլ, ժամանակաշրջան, երբ կանանց և աղջիկներին արգելել են առանց տղամարդկանց ուղեկցության դուրս գալ տներից, արտամուսնական կապի համար քարկոծելով սպանել են: Շարիաթից՝ իսլամական օրենքից որևէ աննշան շեղում համարվել է մեծագույն հանցանք, աստվածանարգություն, որի համար կարող էին հրապարակավ գնդակահարել մարզադաշտերում:

Թալիբների առաջին վարչակարգը տապալվել է այն բանից հետո, երբ նրանք ապաստան են տվել «Ալ-Ղայդա»-ի հիմնադիր Ուսամա Բին Լադենին և 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գրոհից հետո հրաժարվել են նրան հանձնել ամերիկացիներին: Ի պատասխան դրան ամերիկացիներն ու դաշնակիցները նախ օդային, ապա ցամաքային լայնածավալ գործողություններով ճնշել են թալիբների դիմադրությունը և գրավել են երկիրը:

Այս տարվա օգոստոսի 31-ին Միացյալ Նահանգներն ավարտել է 20 տարի տևած պատերազմը: