Պաշտոնական Բեռլինը չի բացառում, որ Քաբուլում գործող Գերմանիայի դեսպանությունը որոշ ժամանակ անց կարող է վերսկսել աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Սլովենիայում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում։
«Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, Աֆղանստանում այլևս նոր իրականություն է ձևավորվել։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք օգնել Աֆղանստանի ժողովրդին, ինչի համար շարունակական դիվանագիտական ներկայություն է պահանջվում։ Մեզ համար, սակայն, կարևոր է,ո ր [թալիբները] մի շարք պայմաններ կատարեն», - հայտարարել է նա` շարունակելով.
«Խոսքը տարբեր խմբերի ներկայացուցիչներին ներառող կառավարության ձևավորման, մարդու հիմնարար իրավունքները, մասնավորաբար կանանց իրավունքները հարգելու մասին է։ Բացի այդ, Աֆղանստանը չպետք է ահաբեկչությունը սնուցող մի նոր տարածքի վերածվի»: