Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ, առաջարկել է իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակել՝ բացառելու ադրբեջանական կողմից Հայաստանի բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունները։
Օգոստոսի 25-ին ադրբեջանցիները նախ փակեցին Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ավելի ուշ նաև Գորիսից Որոտան հատվածը։ Ճանապարհը բացելու հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցում էին Հայաստանի սահմանապահ զորքերն ու Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Օգոստոսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ ճանապարհները վերաբացվել են։
Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են նաև Ադրբեջանում ապօրինի պահվող Հայաստանի զինված ուժերի զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը, որը բխում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից (Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում)։
Դավթյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, Հայաստանի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար։