Հայաստանը նախ պետք է հասկանա, թե ինչ շահեր է հետապնդում Թուրքիան այլ երկրների հետ իր հարաբերություններում և ինչ շահեր է հետապնդում Հայաստանի հետ իր հարաբերություններում, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։
Ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունները, հարաբերություններ են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, հարաբերություններ են Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ դեսպանը շեշտեց՝ խաղաղությունը ողջունելի բան է, բայց պիտի հասկանալ, թե ինչ ես վճարելու էդ խաղաղության համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Հայաստանի իշխանություններից էլ արձագանքեցին՝ դրական ազդակ են տեսնում էրդողանի հայտարարություններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով Էրդողանի հայտարարություններին, ասաց՝ Հայաստանը կգնահատի դրական ազդակները և դրական ազդակով կպատասխանի։
Դեսպանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Դավիթ Հովհաննիսյան․ - Ի՞նչն է դրական ազդակ Թուրքիայի տեսանկյունից և ի՞նչն է դրական՝ Հայաստանի տեսանկյունից։ Ես չեմ կարծում, որ այդ տեսանկյուններն այսօր այն իրավիճակում, որ ստեղծվել են, համընկնում են։ Այսինքն՝ լավ է, որ խաղաղության մասին է խոսվում, շատ լավ է, որ ինչ-որ բանակցային գործընթացի սկսելու մասին ակնարկներ են արվում, բայց ես կարծում եմ, որ շատ զգույշ է պետք վերբերվել այս ամենին, և նորից կրկնեմ այն թեզը, որը տասնյակ տարիներ անընդհատ կրկնում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունները, հարաբերություններ են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, հարաբերություններ են Թուրքիայի և Ռուսաստանի միջև և այլն, և այլն։ Երևի թե երրորդական նշանակություն ունի, Թուրքիայի տեսնկյունից, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները։ Այսինքն՝ այս առումով մենք պիտի հասկանանք, թե ինչ շահեր է հետապնդում Թուրքիան այլ երկրների հետ իր հարաբերություններում և ինչ շահեր է հետապնդում Հայաստանի հետ իր հարաբերություններում։
Հավանաբար դրական ազդակ կլինի, եթե Հայաստանը համաձայնվի միջանցքին՝ Թուրքիայի տեսանկյունից, հավանաբար դրական ազդակ կլինի, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի, այսպես ասած, նախատիպը, կամ նախատեքստը, նախագիծը։ Արդյո՞ք Հայաստանը կարող է դրան համաձայնվել, բացի դրանից արդյո՞ք այն ուժերը, որոնք շահագրգռված են տարածաշրջանի իրավիճակով, կարող են համաձայնվել որպեսզի նման պայմանների Հայաստանը համաձայնվի։ Ես չեմ կարծում, որ էդպես է։ Այսինքն՝ կարելի է գնահատել, որ լավ է, խաղաղությունը միշտ շատ ողջունելի բան է, բայց պիտի հասկանալ, թե ինչ ես վճարելու էդ խաղաղության համար։
«Ազատություն»․ - Դուք այնուամենայնիվ կարծում եք, որ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները կապված են Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ՝ սահմանազատման հետ կապված, դեպի Նախիջևան միջանցի հետ կապված, և սրանք առանձին Թուրքիայի նախաձեռնությունները չեն՝ ինչ-որ հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, ինչպես որ փորձ արվեց ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, կամ ավելի վաղ՝ 90-ականներին։
Դավիթ Հովհաննիսյան․ - Էն ժամանակ, գիտեք, բավականին լուրջ, ծանրակշիռ ուժեր էին այդ խաղաղության գործընթացի մեջքին կանգնած, և եթե հիշենք՝ ինչով դա ավարտվեց․ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրություններ և այդ ստորագրմանը ներկա էին բոլոր խոշոր ուժերի ղեկավարները։ Շատ շուքով ստորագրություն տեղի ունեցավ և ինչո՞վ ավարտվեց, ոչնչով։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․