Մանե Թանդիլյանն ազատվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով Մանե Թանդիլյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Արցախի սոցապ նախարարի պաշտոնը ստանձնեց 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին։ Նա հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու՝ նշելով՝ իր արդյունավետ ներգրավումն ուղղված Արցախն ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը։

Երեկ Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ պաշտոնավարումն է ավարտել և ոչ՝ իր առաքելությունն Արցախի համար։ Իսկ ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում ծրագրեր են իրականացվելու։

Ի դեպ Թանդիլյանն «Ապրելու Արցախ»-ի հիմնադիրներից է, «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության՝ նախագահը։