Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այդ պաշտոնում նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։
«Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը:
Մանե Թանդիլյանն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու։
Այսօր իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ իր արդյունավետ ներգրավումն ուղղված Արցախն ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը։ Թանդիլյանը վստահ է, որ այն թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նպատակ ունենալ կարճաժամկետ հատվածում ապահովել արցախցիների վերադարձը Արցախ՝ ստեղծելով կյանքի և աշխատանքի համար որակյալ պայմաններ։
Թանդիլյանը, հիշեցնենք, 2020-ի օգոստոսին վայր դրեց իր պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցրեց գործունեությունը՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Նա հայտարարեց, որ ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։