ՀՔԾ. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ հաղորդման` Մկրտչյանը, օգտագործելով համայնքի բնակիչների` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել»:

Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Արա Մկրտչյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սատարած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, վերջին օրերին խորհրդարանում թեժ իրադարձությունների կիզակետում հայտնված Աննա Մկրտչյանի հայրն է: