«20-25 միլիոնի վնաս ենք կրել». խոշոր եղջերավորների հափշտակման հերթական դեպքը

Խոշոր եղջերավորների հափշտակման հերթական դեպքը հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ Վայոց Ձորի Սերս գյուղի` Նախիջևանին սահմանակից «Գոգի Լեռ» տարածքում: Ադրբեջանցի զինվորականները, Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ, 75 անասուն են տարել ու չեն վերադարձրել։

Խոշոր եղջերավորները հիմնականում մեկ ընտանիքի են պատկանել՝ Հովսեփյաններին: «20-25 միլիոն դրամի վնաս ենք կրել»,- ասում է ֆերմայի սեփականատեր Տիգրան Հովսեփյանը. «120 հատ էր, մի քանի հատ է մնացել, մի քանի հատ վաճառել եմ, ուղղակի տոկոսը մարեմ, որ վարկը մուծեմ, դրա համար վարկը որ վերցրել եմ` 5 միլիոն, մի քանի հատ էլ պահել եմ, էնքան ա, որ յոլա գնանք»:

Անասուններին վարկով էին ձեռք բերել, հիմա Հովսեփյանների գործը ըստ էության կանգնել է: Ծնունդով Սերս գյուղից Տիգրան Հովսեփյանը պատմում է՝ ավելի քան 20 տարի Լեռնային Ղարաբաղում են բնակվել: Պատերազմի հետևանքով վերադարձել են հարազատ գյուղ, հիմա էլ այս պատմությունը: Փոխհատուցման մասին Հովսեփյաններին առայժմ ոչինչ չեն ասել. «Թղթերն են ուզել, տարել ենք տվել, ըստ դրա պիտի արձանագրություն կազմեն, ուղարկեն Երևան: Բանկերը ոչ մի բան էլ չեն ասում, պիտի մուծենք»:

Սերս գյուղը Զառիթափ խոշորացված համայնքի մաս է կազմում: Համայնքապետի տեղակալ Գառնիկ Գևորգյանը փոխանցեց՝ վնասներն արդեն հաշվարկել են. «Վնասի չափը հաշվարկված է մարզպետարանի ներկայացուցիչների հետ, ներկայացված է մարզպետարան»:

Գեղարքունքի մարզի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ բռնկված հրդեհն էլ մինչ այսօր ամբողջությամբ չի մարվել, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ շուրջ 80 հեկտար խոտածածկույթ է այրվել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր վերահաստատել է նախօրեին արած իր պնդումը, թե այս հրդեհը ադրբեջանցի զինծառայողների դիտավորյալ գործողության հետևանք է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչդեռ լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությամբ հերքել է մեղադրանքները։

Օմբուդսմենի գնահատմամբ` Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության նպատակն է կոծկել իրենց հանցավոր արարքները Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Հրդեհի հետևանքով այրվել են արոտավայրեր ու խոտհարքներ, գյուղացիներն այդ տարածքներից խոտ այս տարի էլ չեն իջեցնի։ Սոթքից երեկ «Ազատության» հետ զրույցում ասացին՝ հրդեհվել է մեծ մասշտաբով տարածք։ Հայաստանի ՊՆ-ից էլ հայտնել էին՝ հրդեհը ադրբեջանական կողմից է սկսվել ու տարածվել երկու կողմերում։