Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին` զինված խմբավորման կողմից Քաբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված պայթյուններից հետո, որոնք ավելի քան 170 աֆղանցու և 13 ամերիկացի զինվորների կյանք էին խլել:
«Օդային գրոհով սպանվել է այդ հարձակման կազմակերպիչներից մեկը», - հայտարարել է Ամերիկայի Կենտրոնական հրամանատարությունը, մանրամասնելով, - «անօդաչու թռչող սարքը կիրառվել է Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օդանավակայանում իրականացված պայթյուններից հետո խոստացել էր վրեժխնդիր լինել: «Մենք կգտնենք ձեզ և կստիպենք վճարել կատարվածի համար», - հայտարարել էր նա ահաբեկչությունից ժամեր անց հրապարակված ուղերձում: