Բայդեն. «Մենք ձեզ կգտնենք և կստիպենք գին վճարել այդ գրոհի համար»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Քաբուլի մասին ուղերձից առաջ լռության րոպե է հայտարարել, Վաշինգտոն, 26 օգոստոսի, 2021թ.

Երեկ Քաբուլի օդակայանի տարածքում երկու մահապարտ ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել, ինչից հետո մարդկանց վրա կրակ է բացել մի զինյալ:

Ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են ավելի քան 60 աֆղանստանցիներ և օդակայանը պաշտպանող առնվազն12 ամերիկացի զինծառայողներ:

Նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանն արտակարգ ժողով է անցկացրել բարձրաստիճան խորհրդականների և զինվորականների հետ, ինչից հետո հանդես է եկել Քաբուլում տեղի ունեցած գրոհի թեմայով հատուկ հայտարարությամբ:

«Մենք չենք մոռանա, մենք չենք ների, մենք ձեզ կգտնենք և կստիպենք գին վճարել այդ հարձակման համար»,- ասել է Բայդենը:

Ուղերձից առաջ նա լռության րոպե է հայտարարել, զոհված զինծառայողներին անվանել է հերոսներ, որոնց առաքելությունն էր Աֆղանստանից դուրս հանել ու փրկել վտանգված մարդկանց:

Դիմելով զոհվածների ազգականներին և բարեկամներին՝ նախագահն ասել է, որ աղոթում է կյանքը կորցրած զինծառայողների համար և ուժ ու տոկունություն է մաղթում սգավորներին:

Կորուստների մասին տեղեկությունները հրապարակել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք ՄըքՔենզին:

«Ծանր օր էր, այս պահին գիտենք, որ զոհվել է 12 ամերիկացի զինծառայող, ևս 15-ը՝ վիրավորվել են, կան մեծ թվով զոհեր աֆղանստանցի բնակիչների շրջանում»,- ասել է գեներալը:

Երեկ վաղ առավոտյան Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների հետախուզական ծառայություններն ահազանգել են ահաբեկչական հարձակման բարձր հավանականության մասին, ընդգծելով, որ գրոհը կարող են իրականացնել ոչ թե Աֆղանստանը գրաված թալիբներն, այլ նրանց երդվյալ թշնամիներ «Իսլամական պետություն» շաժման զինյալները:

Արևմտյան երկրների իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել հեռանալ Քաբուլի Համիդ Քարզայի օդակայանի տարածքից, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց այդ վայրը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախը:

Երկրի մյուս շրջաններում օտարերկրացիներ գործնականում չկան, Քաբուլի անկումից հետո օտարերկրացի դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և հազարավոր աֆղանստանցիներ հավաքվել են Համիդ Քարզայի օդակայանում՝ երկրից դուրս մեկնելու հույսով:

Քաբուլը թալիբների կողմից գրավելուն հաջորդած 11 օրերի ընթացքում ամերիկյան և այլ երկրների ռազմական տրանսպորտային օդանավերով Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ:

Թալիբները դատապարտել են երեկվա գրոհը, մինչդեռ, «Իսլամական պետությունն» արդեն պարծենալով հայտնել է, որ իր մահապարտներն են իրականացրել այդ հարձակումը:

Նախագահ Բայդենն ասել , որ Քաբուլից մարդկանց տարհանումը կշարունակվի: Նա ասել է, որ ամերիկյան զինուժի հրամանատարներին կարգադրել է անհապաղ մշակել և ներկայացնել «Իսլամական պետություն» շարժմանն ավերիչ հարվածներ հասցնելու ծրագիրը:

«Հարվածի ճիշտ պահը, ծավալը և թիրախները մենք կորոշենք՝ ելնելով մեր նպատակներից»,- ասել է Ջո Բայդենը: