Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում։ Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրական իրավիճակը, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այս դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին համբերատար լրացուցիչ բացատրել, թե ինչ իրավիճակ է իրականում Ռուսաստանի այս տարածաշրջանում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով թուրքական պատվիրակության մասնակցությունը «Ղրիմյան հարթակ» ֆորումին: Ընդ որում, ֆորումին, որը նվիրված է Ուկրաինային Ղրիմը վերադարձնելու ռազմավարությանը, մասնակցել է Թուրքիայի արտգործնախարարը։ Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, ակտիվ համագործակցում է Ուկրաինայի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում։
Պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին հայտարարում է, թե ունի որոշ տարաձայնություններ Անկարայի հետ, սակայն ռուս-թուրքական հարաբերությունները չնայած այդ տարաձայնություններին ակտիվ զարգանում են։
Դմիտրի Պեսկովն այսօր, մասնավորապես, հավելել էր. «Ռուս-թուրքական հարաբերություններն ընդհանուր առմամբ կրում են գործընկերային բնույթ»: Այդ հարաբերությունները, Կրեմլի խոսնակի պնդմամբ, իրոք հիմնված են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա:
Սրան մեկտեղ Պեսկովն ընդգծել է, որ դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները զերծ են էական տարաձայնություններից։ «Ղրիմի թեման այդ էական տարաձայնությունների տիրույթում է», - ասել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակը:
Նախօրեին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը «Բանակ» ռազմատեխնիկական ֆորումին հայտարարել էր, թե Թուրքիային С-400 ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն այս տարի:
«Ինչ վերաբերում է С-400 (S-400) համալիրին, ապա խորհրդակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ դա արդեն վերջնական փուլում է, և մոտ ապագայում մենք գործընկերների հետ կշարունակենք պայմանագրի ձևակերպումը և ստորագրումը», - նշել էր նա։
Ավելի վաղ ռուսները հայտարարել էին, թե կարող են օգնել թուրքերին նաև նոր սերնդի կործանիչ ստեղծելու գործում։
Անկարան չնայած Վաշինգտոնի` սպառնալիքների մասին հայտարարություններին` գնել էր ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս շեշտել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից չի հրաժարվելու, ընդհակառակը` խորացնելու է այն: