Մատչելիության հղումներ

Ուկրաինայում անցկացվում է «Ղրիմյան հարթակ» միջազգային գագաթնաժողովը


44 երկրների ներկայացուցիչներ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ հավաքվել են Կիևում` «Ղրիմյան հարթակ» նախագծի շրջանակներում հայտարարելու, որ «անհամբերությամբ են սպասում Ղրիմի ինքնավար հանրապետության և Սեվաստոպոլ քաղաքի ժամանակավորապես օկուպացված տարածքների վերջնական վերադարձին Ուկրաինային»:

Հռչակագրում նաև կոչ է արվում Ռուսաստանին` աջակցել «Ղրիմյան հարթակին» և հրաժարվել Ղրիմից:

Ուկրաինայում այսօր անցնում է «Ղրիմյան հարթակ» միջազգային գագաթնաժողովը, որտեղ պետությունների ղեկավարներ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ քննարկում են, թե ինչպես Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։

44 երկրների պատվիրակությունները, որոնց թվում են Եվրամիության բոլոր անդամ պետությունները, Միացյալ Նահանգները, Կանադան, Վրաստանը, Թուրքիան, Ավստրալիան, Ճապոնիան, մասնակցում են Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ անցկացվող գագաթնաժողովին։

Հավաքին մասնակցում են 9 նախագահներ, 4 վարչապետեր, 14 արտգործնախարարներ, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ և դեսպաններ։ Միջոցառման նպատակն է Ղրիմի թեման վերադարձնել միջազգային օրակարգ, ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, թերակղզում ապահովել մարդու իրավունքների պահպանումը։

Գագաթնաժողովը տեղի կունենա դեօկուպացիայի և Ղրիմի վերաինտեգրման Զելենսկու ռազմավարության շրջանակներում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ղրիմյան հարթակը» «շաբաշ» է անվանել, իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի իշխանություններին անվանել է «մազոխիստներ», որոնք անելանելիությունից ելնելով նման միջոցառում են կազմակերպում՝ հավելելով, թե Ռուսաստանը կարձանագրի համաժողովի մասնակից պետությունների դիրքորոշումը և համապատասխան եզրահանգումներ կանի։

Գագաթնաժողովի նախաշեմին Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի 73 պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Դմիտրի Կոլեբայի դեմ։

Գագաթնաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Պաշտոնական Անկարան ակտիվ զարգացնում է իր կապերն Ուկրաինայի հետ, համագործակցում է նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինան, մասնավորապես, ստանում է թուրքական անօդաչու թռչող սարքեր։ Անկարան հայտարարում է, թե Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում։

Չնայած Մոսկվայի համար շատ զգայուն՝ Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշմանը, Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր:

Վերլուծաբաններն, ի դեպ, նկատում են, որ Կիևում սպասում են Էրդողանին, քանի որ Թուրքիային Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են Ղրիմը վերադարձնելու հարցում Ուկրաինայի գլխավոր դաշնակիցներից մեկը: Բայց մինչև Չավուշօղլուին Կիև ուղարկելը երկու երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել:

«Ղրիմյան հարթակի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պաշտոնական Կիևը հարթակի նպատակն է համարում «Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելուն ուղղված միջազգային ջանքերի համակարգումը»։

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում հայտնվեց 2014-ի մարտին, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո Ռուսաստանը զորքեր մտցրեց թերակղզի և զինվորականների վերահսկողության ներքո այնտեղ հանրաքվե անցկացրեց Ռուսաստանին թերակղզու միանալու վերաբերյալ: Հանրաքվեի արդյունքների համաձայն` թերակղզու բնակիչների մեծ մասը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին:

Ուկրաինան և աշխարհի երկրների մեծ մասը Ղրիմը Ռուսաստանի կազմում չեն ճանաչում, Մոսկվան Ղրիմի անցումը համարում է «պատմական արդարության վերականգնում» և հերքում է թերակղզու անեքսիայի մեղադրանքները: Ի դեպ, Ղրիմի հետ կապված ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի կարևոր միջազգային նորմ է, քան տարածքների ամբողջականությունը:

XS
SM
MD
LG