Վեճ ընդդիմադիր Վահե Հակոբյանի և իշխանական պատգամավորների միջև․ ԱԺ նիստը կրկին ընդմիջվեց

Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը քննադատեց կառավարության ծրագիրն՝ այն համեմատելով կուրսային աշխատանքի հետ։

«Դուք հաշվի չեք առնում, որ դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ծրագիր կազմել, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում և դա կերցնեք նորից ժողովրդին, ամեն ինչին չափ ու սահման կա», - հայտարարեց Հակոբյանը։

Իշխանական պատգամավորները տեղից արձագանքեցին։ Վահե Հակոբյանը պատասխանեց՝ բղավելով․ - «Արան, դու ես այ տվար»։

Հայհոյանքներ հնչեցին, քաշքշոց ու նորից ընդմիջում հայտարարվեց։

Կրքերն Ազգային ժողովում այսօր կրկին լարվել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ նա ամբիոնից դավաճաններ անվանեց «բոլոր ժամանակների պաշտպանության այն նախարարներին, ում օրոք զանգով, կամ փողով բանակից մարդիկ են ազատվել»։

Դահլիճից արձագանքեցին, Սարգսյանն էլ, ի պատասխան, բղավեց․ - «Ես քե՞զ եմ ասում, արա»։

Դահլիճից ջրի շշեր նետեցին Սարգսյանի ուղղությամբ, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա ընդմիջում հայտարարեց։

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ծրագիրը։