Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հնարավոր է կալանավորվի

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հնարավոր է կալանավորվի։ Իրավապահների միջնորդությունն այժմ քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։

Քննչական մարմնի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին ձերբակալվել է Գյումրիի մի բնակչուհու դիմումի հիման վրա: Վերջինս տեղեկացրել է, որ Սպարտակ Ղուկասյանը օրեր առաջ երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դրանից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հարուցված գործով քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող։

Սպարտակ Ղուկասյանի շահերի պաշտպաններն այսօր հրաժարվեցին մեկնաբանությունից, նշելով, որ իրենց պաշտպանյալն արգելել է իրենց շփվել լրատվամիջոցների հետ: Իսկ Քննչական կոմիտեից խոստացան դեպքի վերաբերյալ պարզաբանում ներկայացնել, երբ դատարանը կալանքի միջնորդության հարցով որոշում կայացնի:

13 տարի Գյումրին ղեկավարած Վարդան Ղուկասյանի որդին առաջին անգամ չէ հայտնվում իրավապահների տեսադաշտում: Նախկինում նրան առնչվող մի քանի քրեական գործեր են հարուցվել, բայց հետո՝ կարճվել: Իսկ 2007 թվականին Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի Տերյան փողոցում փոխհրաձգության մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, սակայն անազատության մեջ անցկացրել է միայն վեց ամիս՝ ժամանակից շուտ ազատ արձակվելով: