Սյունիքում երեք զինծառայողների սպանության դեպքը, բնականաբար, հետևանքներ է ունենալու դրան առնչվող մի շարք զինվորական պաշտոնյաների համար, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Մամուլը գրում է, որ Գորիսի զորամասի հրամանատարը, ռազմական ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատվել են: Նախարարությունը կոնկրետ անուն-ազգանունների մասով դեռևս չի մեկնաբանում:
Զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանից «Ազատությունը» մեկնաբանություն խնդրեց, ի պատասխան նա միայն հետևյալն ասաց. «Ես հիմա ոչ հարցերի չեմ կարող պատասխանել, տեղս շատ անհարմար է»:
Երեկ գիշերը Կոռնիձորի մարտական հենակետում 3 ժամկետային զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել: Ի սկզբանե ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման վարկածն էր քննարկվում, պաշտպանական գերատեսչությունը հերքում էր՝ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ:
Երեկոյան արդեն Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակիցը` նույն զորամասում ծառայող ժամկետային։ Ի՞նչ խնդիր է ծագել մարտական հերթապահություն իրականացնող 19-ամյա տղաների միջև, որ նրանցից մեկը հրազենով սպանել է երեքին:
Քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ երկու և ավելի անձանց սպանության հոդվածով: Կասկածյալ զինծառայողը Գեղարքունիքի մարզից է:
«Համոզված եմ, որ այս գործը` այդ երեք զինվորի սպանությունը կեղծիքով առաջ է գնալու: Այդ մեկ զինվորն է լինելու պատասխանատուն` այդ խեղճուկրակը, և էլ որևէ մեկը պատասխան չի տալու», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա չի հավատում, թե արդարադատություն կլինի` սպանվում են շարքայինները, դատվում են շարքայինները, ասում է նա. «Ես չեմ տեսել հայաստանյան որևէ դատարանում դատապարտվող զորամասի հրամանատար, թեկուզ իր զորամասում մահվան դեպք գրանցված լինի մեկ տարվա ընթացքում, նրան որևէ մեկը չի ասում` ինչու են այդքան սպանվել ձեր զորամասում, ի՞նչ ես անում ընդհանրապես այդտեղ: Ես ո՞նց հավատամ»:
Այնինչ, ըստ իրավապաշտպանի` հենց լիարժեք բացահայտումն է նման ցավոտ դեպքերը կանխարգելելու լավագույն տարբերակը. «Ուղղակի եթե վարչապետը հույս է դրել, որ Քյարամյանը պետք է բացահայտի, դա է միակ ելքը բանակում կանխելու, հասկանո՞ւմ եք, մահվան դեպքերը, բացահայտումները, անպատժելիության մթնոլորտի վերացումը, եթե դա չի արվում, ուրեմն սա շարունակվելու է: Երեք զինվորի մահը, պետք է ուղղակի փակել զորամասը ու տեսնել` ինչ է կատարվում առհասարակ, ինչու են տանում տղաներին, դիրքերում խփում: Լավ, այսքան մահվան դեպքեր կան, այսքան զոհեր ունենք, չի՞ կարելի խնայել զինվորի կյանքը, ի՞նչ իրավունքի ունի զորամասի հրամանատարը շարունակի այդտեղ պաշտոնավարել, ինչո՞ւ են հայտարարել զորամասի հրամանատարներին անձեռնմխելի»:
Մեկ հենակետում երեք զինվորի մահը Ժաննա Ալեքսանյանը համարում է բանակի քրոնիկ բանակ և ոչ թե պատերազմի հետևանք: Շեշտում է` զինվորը պետության համար շարունակում է մնալ պարզապես ռեսուրս և ոչ թե արժեք: Հուլիսի վերջին կրակային դիրքում մահացած գտան ժամկետային Գրիգորյանին: 44-օրյա պատերազմի մասնակցի մահը հապճեպ ինքնասպանություն որակվեց, այնինչ ըստ Ալեքսանյանի` այստեղ բազմաթիվ հարցեր կան: Որտե՞ղ է ի վերջո մայիսի կեսից Վարդենիսից անհետացած 18-ամյա զինվորը, Սև լճի տարածքից անհետացած երկու պայմանագրայինները, ինչո՞ւ են նրանց միայն հարազատները որոնում, հարցնում է իրավապաշտպանը, հիշեցնում` ընտանիքը պետությանն էր պահ տվել իր զինվորին:
«Բացի կենացներից, մենք ուրիշ բան չենք տեսնում, մտահոգություն որևէ զինվորի, որ լավ, գոնե թող նա ապրի, թույլ տվեք, որ նա ապրի»:
Տարեսկզբից մինչև այժմ 44 զինծառայող է մահացել: Նրանցից 35-ի մահվան պատճառը ադրբեջանական կրակոցը չէ։