Պուտինը և Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը:

«Վլադիմիր Պուտինը, նախագահ Էմանյուել Մակրոնի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ու թեև հայ - ադրբեջանական սահմանին կրակոցները մի քանի շաբաթ է` չեն դադարում, երկու կողմում էլ կան զոհեր ու վիրավորներ, Կրեմլը պնդում է` Մակրոնի և Պուտինի զրույցի ընթացքում «արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է»:

Ելիսեյան պալատը, մինչդեռ, այլ գնահատական է տալիս, ընդգծելով. - «Նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերսկսման կապակցությամբ»:

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, փոխանցել է Մակրոնին, թե «քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները հոգալու ուղղությամբ», - նշում է Ռուսաստանի նախագահական նստավայրը` առանց հավելյալ մանրամասների:

Այս շաբաթասկզբին Մոսկվան հաղորդել էր, թե երկամսյա դադարից հետո Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը վերսկսել են հանդիպումները տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ այդ ճանապարհի վերահսկողությունը հանձնելով ռուսական սահմանապահ ծառայությանը: Բացի այդ, «կողմերի համաձայնությամբ» նախատեսվում է ապահովել Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը: Թե ուր են հասել այս ուղղությամբ բանակցությունները, երեք երկրներից որևէ մեկը պաշտոնապես չի հաղորդում: Արդյունքների վերաբերյալ հստակ որևէ բան չի ասվում նաև Կրեմլի վերջին հաղորդագրությունում, այդուամենայնիվ, Մակրոն-Պուտին նախորդ հեռախոսազրույցի հետ համեմատելով` ակնհայտ է, որ այդ գործընթացում կա որոշակի առաջընթաց: Անցած հուլիսին, մասնավորապես, ներկայացնելով ղարաբաղյան խնդրի շուրջ իրավիճակը՝ Պուտինը Մակրոնին ասել էր, թե «ստեղծվել են նախադրյալներ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համար», երեկ, մինչդեռ, Պուտինն ասել է, թե այս ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում:

Մյուս շեշտադրումը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեությունը, փաստացի, այժմ կաթվածահար է. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե վերջին պատերազմով ղարաբաղյան խնդիրն ամբողջությամբ լուծել է, և միջնորդների կարիք այլևս չունի: Երեկ, սակայն, թե՛ Ֆրանսիայի նախագահը, թե՛ Ռուսաստանի առաջնորդը հակառակն են պնդել: «Երկու նախագահները ցանկություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը ղարաբաղյան խնդրի տարբեր ասպեկտների կարգավորման ուղղությամբ, նախ և առաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ելիսեյան պալատն էլ հաղորդում է` երկու նախագահները վերահաստատել են Մինսկի խմբի առավել մեծ դերակատարությանը հասնելու իրենց միասնական հանձնառությունը, որի նպատակն է հանգել տևական լուծումների` անցած տարվա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններից հետո:

Այս տեսակետը պաշտպանում է նաև միջնորդական խմբի երրորդ համանախագահ երկիրը` Միացյալ Նահանգները, միջնորդների այս հորդորները, սակայն, առայժմ էական արդյունք չեն տվել:

Ի դեպ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի առաջնորդները վերջին անգամ ղարաբաղյան խնդիրը քննարկել էին անցած ամիս: Այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կարևորել էր եվրոպացի դաշնակիցների, մասնավորապես` Ֆրանսիայի սերտ ներգրավումը ռազմական գործողություններից տուժած բնակչության մարդասիրական խնդիրների լուծման հարցում:

Երեկ, ղարաբաղյան խնդրից բացի, Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև իրավիճակը Աֆղանստանում, Ուկրաինայում, անդրադարձել Իրանի միջուկային ծրագրին ու տարածաշրջանային այլ խնդիրների: «Զրույցը շարունակվել է ավելի քան մեկուկես ժամ», - հաղորդում է Ելիսեյան պալատը՝ հատուկ ընդգծելով, որ աշխարհքաղաքական խնդիրներից բացի Մակրոնը նաև ժողովրդավարությանն է անդրադարձել:

«Նախագահը հորդորել է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն՝ նրա դեմ իրականացված մահափորձից մեկ տարի անց, ինչպես նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք ընտրությունները կանցկացվեն ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան», - նշում է Ֆրանսիայի նախագահական պալատը:

Կրեմլի հաղորդագրությունը, մինչդեռ, զրույցի այդ հատվածի մասին որևէ բառ չի ասում: