Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները Արցախում խախտել են հրադադարը, հրդեհ է բռնկվել. ՊԲ


Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

«Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասված է հաղորդագրությունում:

Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին, մասնավորապես, ըստ ՌԴ ՊՆ-ի, օգոստոսի 16-ին՝ երեկոյան 9-ին Շուշա (Շուշիի) շրջանում «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև փոխհրաձգություն է արձանագրվել», որը շարունակվել է մոտ 15 րոպե։ Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան։ Հաղորդագրությունում, սակայն, չի հստակեցվում, թե որ կողմն է առաջինը խախտել հրադադարը։

Ղարաբաղում նոյեմբերի 9-ից հաստատված հրադադարի խախտման մասին ռուսական կողմը հաղորդել էր նաև անցած շաբաթ․ նախորդ հաղորդագրության մեջ ՌԴ ՊՆ-ն արձանագրել էր, որ Ադրբեջանի զինուժն է հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

XS
SM
MD
LG