Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը վերսկսել են աշխատանքային հանդիպումները

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը վերսկսել են աշխատանքային հանդիպումները՝ տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ։ Տեղեկությունը տարածել է Ռուսաստանի կառավարությունը:

Ըստ այդմ, փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը, Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկն այսօր Մոսկվայում հերթական հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Եռակողմ խումբը դադարեցրել էր աշխատանքները ամիսներ առաջ, երբ ադրբեջանական զորքը մի քանի կիլոմետր առաջ էր եկել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե «նման իրավիճակը նպաստավոր մթնոլորտ չի ստեղծում՝ բանակցությունները շարունակելու համար»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անցած շաբաթ կառավարության նիստում պնդել էր, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները։

«Կարծում եմ` պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից», - ասել էր վարչապետ Փաշինյանը։