Ամերիկան չի հետապնդել Աֆղանստանում պետություն կայացնելու խնդիր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար:
Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին:
«Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», - ասել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը:
Բայդենի խոսքով, այսօր կան ուրիշ առաջնահերթություններ՝ ահաբեկչության քաղցկեղի մետաստազները դուրս են եկել Աֆղանստանի սահմաններից, «Ալ-Շաբաբ»-ը՝ Սոմալիում, «Ալ- Ղաիդա»-ն՝ Արաբական թերակղզում, «Ալ-Նուսրա»-ն՝ Սիրիայում, «Իսլամական պետություն»-ը ցանկանում է խալիֆայություն ստեղծել Սիրիայում և Իրաքում և մասնաճյուղեր հիմնել Աֆրիկայի ու Ասիայի բազմաթիվ երկրներում: Բայդենն ասել է, որ հիմա անհրաժեշտ է չեզոքացնել այդ վտանգները:
«ԱՄՆ զինվորը չպետք է կռվի Աֆղանստանի համար, եթե չի կռվում աֆղանստանցին»
Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: Ինչո՞ւ է սոսկ մի քանի շաբաթների ընթացքում կազմալուծվել պետական համակարգը, ինչո՞ւ է առանց լուրջ դիմադրության դիրքերը զիջել լավ զինված բանակը:
«Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը:
«300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար:
Մոսկվան և Պեկինը միայն կուրախանային, եթե պատերազմը շարունակվեր
«Մեր ռազմավարական մրցակիցները՝ Չինաստանը և Ռուսաստանը, միայն ուրախ կլինեին, եթե մենք շարունակեինք առանց դադարի նոր միլիարդներ և ռեսուրսներ վատնել Աֆղանստանի իրավիճակը կայունացնելու համար», - ասել է Բայդենը:
Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ Ամերիկան կշարունակի սատարել Աֆղանստանի ժողովրդին և պաշտպանել Աֆղանստանում մարդու իրավունքները, դրա համար կգործադրվեն տարածաշրջանային դիվանագիտության լծակները:
«Մարդու իրավունքները՝ արտաքին քաղաքականության կենտրոնում»
«Ամերիկան կշարունակի պայքարել Աֆղանստանի կանանց և աղջիկների իրավունքների համար: Մարդու իրավունքները պետք է լինեն մեր արտաքին քաղաքականության կենտրոնում, այլ ոչ թե եզրին»,- ասել է Բայդենը:
Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը:
Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի: Միաժամանակ, Բայդենը նախազգուշացրել է թալիբներին, որ մարդկանց ապահով դուրս բերելու ընթացքում ամերիկյան բանակի վրա որևէ հարձակում կարժանանա չափազանց կոշտ ռազմական հակահարվածի:
«Աֆղանստանի խնդիրը չփոխանցել հաջորդ նախագահին»
«Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», - հայտարարել է Բայդենը:
«Ես ԱՄՆ չորրորդ նախագահն եմ, ով զբաղվում է Աֆղանստանի խնդրով՝ երկու հանրապետական և երկու դեմոկրատական, ես չեմ ուզում, որ այս խնդիրը ժառանգի հինգերորդ նախագահը, ես գիտեմ, որ ինձ կքննադատեն այս որոշման համար, բայց հարցը չեմ փոխանցի հինգերորդին», - ասել է Ջո Բայդենը: