Արտաքին գործերի նախարարությունն Աֆղանստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ այս պահին չունի: Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը գրավելու ֆոնին այսօր հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Այլ դիրքորոշում պաշտոնական Երևանը Աֆղանստանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ դեռևս չի արտահայտում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված «Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները երեկ ուշ երեկոյան արդեն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող նախագահական նստավայրում էին և ըստ էության իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։
«Թալիբանի» Աֆղանստանում իշխանության գալով տարածաշրջանում նոր ձևաչափ է հաստատվում, կոմունիկացիայիների նկատմամբ վերահսկողությունը փոխվում է, ասում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը. «Կոմունիկացիների հարցն է առաջ գալիս, որ թալիբանի ֆակտորով պայմանավորված պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն նույն տարածաշրջանային տերությունների, նույն գլոբալ խաղացողների տեսակետից: Պետք է հասկանալ, որ Աֆղանստանն այն հիմնական ճանապարհն է, որով Չինաստանից գալու են դեպի Եվրոպա, որովհետև նույն Պարսկաստանն ու Հնդկաստանը պետք է ճանապարհներ կառուցեն, որպեսզի կարողանան դուրս գալ շուկաները, իսկ դրանք որ դուրս եք գալիս այդ տարածաշրջանից, գալիս եք մեր տարածաշրջանը, այսինքն` դրանք կապված են իրար հետ»:
Արաբագետի խոսքով` «Թալիբանի» հովանավորներից է Պակիստանը, որը Հայաստանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել և արցախյան հարցում ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Այս հանգամանքը հաշվի առնելով` Հայկ Քոչարյանը չի բացառում, որ Աֆղանստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ կարող է վատթարանալ. «Պակիստանի հետ ոչ հարաբերություն ունենք, ոչ էլ մեզ ճանաչում են որպես պետություն: Պակիստանով ազդված կարող են լինել վատ հարաբերություններ»:
90-ականներին ստեղծված իսլամիստական «Թալիբան » շարժումը 1996-ից 2001 թվականներին իշխել է Աֆղանստանում։ ՄԱԿ-ը և մի շարք երկրներ այն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն։ Թալիբները բազմաթիվ հարցերում ծայրահեղ գաղափարախոսություն ունեն` կանանց կրթության ու աշխատանքի սահմանափակում և այլն։
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի գնահատմամբ` թալիբները կարող են ոգևորել այլ իսլամական ծայրահեղական խմբերին։ Աֆղանստանում ընթացող պրոցեսները հնարավոր է ալիքաձև տարածում գտնեն, ընդգծում է արաբագետը: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, այս մասին նա ասում է. «Պետք է փորձեն որպես նոր ձևավորվող իշխանություն, պետություն հարաբերություններ կառուցել, որովհետև հարաբերություն եթե դու չես կառուցում, քո տեղն են կառուցում միշտ, դրա համար այստեղ խոսքն այնքան դրա մասին չէ, որ պիտի անպայման վտանգ լինի, որ հարաբերություն կառուցվի, չէ, հարաբերությունները պետք է կառուցել և ըստ իրավիճակի զարգացնել այդ հարաբերությունները»:
Ի տարբերություն թալիբների կառավարման նախորդ փորձի` այս անգամ արաբագետի կարծիքով` նրանք փորձելու են հարաբերություններ կառուցել աշխարհի հետ: Քոչարյանը շատ հավանական է համարում՝ Աֆղանստանում կկիրառվի այն մոդելը, ինչը տեղի ունեցավ հարևան Իրանում իսլամական հեղափախությունից հետո ։
Հայաստանը Աֆղանստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1996 թվականին։ 2010-ից Աֆղանստանում «ՆԱՏՕ»-ի զորքերի հետ համագործակցությամբ խաղաղապահ առաքելություն էր իրականացնում հայկական զորախումբը, հայ զինծառայողները Հայաստան էին վերադարձել գարնանը։