«Աստված նախկին նախագահին դատավոր»
«Նախկին նախագահ Աշրաֆ Ղանին լքել է Աֆղանստանը, նա թողել է երկիրն ու ժողովրդին այս վիճակում, Աստված նրան դատավոր, Աֆղանստանի ժողովուրդն էլ իր դատը կանի»,- այս հայտարարությամբ է հանդես եկել Ազգային հաշտության բարձր խորհրդի նախագահ Աբդուլահ Աբդուլահը, ով խնդրել է թալիբներին խաղաղ իշխանափոխության մասին:
Նախագահ Ղանին Ֆեյսբուքի էջում տեղադրած գրառմամբ է հայտնել երկրից հեռանալու մասին:
«Ալլահի անունով, ողորմած և գթասիրտ, հարգելի հայրենակիցներ, այսօր ծանր ընտրություն էր՝ բախվել նստավայր ներխուժող թալիբների հետ, կամ հեռանալ երկրից, որը 20 տարի անձնուրաց պաշտպանել եմ, մնալ կնշանակեր վտանգել Քաբուլը և մայրաքաղաքի 6 միլիոն բնակիչներին, որովհետև գրոհը կվերածվեր զանգվածային կոտորածի և արյունահեղության: Դրանից խուսափելու համար ես որոշեցի հեռանալ»,- հայտնել է Աշրաֆ Ղանին:
Երկրից հեռացած նախագահի կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում կաթվածահար վիճակում էր, թալիբներն ամեն օր մի քաղաք կամ շրջան էին գրավում, պետական բանակը գործնականում չէր դիմադրում:
Ամերիկյան հետախուզական կառույցները նշում էին, որ թալիբները վաղ թե ուշ կգրավեն Քաբուլը, բայց դրա համար, ըստ նրանց, կպահանջվի 1-ից 3 ամիս, սակայն իրականում դա տեղի ունեցավ մի քանի օրում, ինչն իսկական շոկ է Արևմուտքի վերլուծաբանների համար:
Անասելի խուճապ Քաբուլի օդակայանի տարածքում
Գրեթե բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպություններն անցած օրերին սկսել են դուրս հանել իրենց աշխատողներին:
«Սա տարհանում չէ՝ ընդամենը դուրսբերում է»,- անցած ուրբաթ ընդգծել է ԱՄՆ պետական դեպարտամենտը, սակայն վերջին ժամերին այդ ամենն ավելի նման էր տարհանման, եթե ոչ խուճապահար փախուստի:
Օդակայանում քաոս, հազարավոր աֆղանստանցիներ փորձում են տեղ գտնել արևմտյան, նախևառաջ ամերիկյան ինքնաթիռներում և փրկվել մոտեցող թալիբներից:
Ամերիկացի զինծառայողներն օդ են կրակում ամբոխն օդանավերից հեռու պահելու համար: Մարդիկ փորձում են մագլցել օդանավի վրա, վայր են ընկնում, կան զոհեր:
«Մենք եկել ենք ծառայելու ժողովրդին»
Մինչդեռ, երկիրը գրաված թալիբներն ասում են, որ պատերազմն ավարտվել է, և պետք է խաղաղություն հաստատել:
«Ալլահի անունով, ողորմած և գթասիրտ, մենք շնորհավորում ենք Աֆղանստանի ժողովրդին, հատկապես Քաբուլի բնակիչներին և մեր մոջահեդներին այս մեծ հաղթանակի առիթով: Այն անսպասելի էր, մենք հասել էինք մի այնպիսի դիրքի, որը չենք ակնկալել, Աստծո կամոք մենք ստացանք այնպիսի հաղթանակ, որն աշխարհը չի տեսել։ Մենք չպետք է մեծամիտ լինենք, մենք եկել ենք ծառայելու ժողովրդին, մենք պետք է ապահովենք ժողովրդի անդորրը և բարելավենք նրա կյանքը»,- ասել է «Թալիբան՛ շարժման առաջնորդի տեղակալ մոլահ Բարադար Ախունդը:
Արևմտյան բաղադրատոմսով դեմոկրատիա կառուցելու փորձը ձախողվեց
Քաբուլի անկումն արագ էր, ավելի քան 20 արյունալի տարիների ընթացքում Աֆղանստանում արևմտյան բաղադրատոմսով դեմոկրատիա կառուցելու փորձը ձախողվեց: Սա մեծ հիասթափություն է ոչ միայն աշխարհիկ և արդիական պետություն կայացնելու մասին երազող աֆղանստանցիների, այլև այդ տեսլականը ծրագրած, կազմած և աֆղանստանցիներին առաջարկած Արևմուտքի քաղաքական դաշտի համար:
Երկու տասնամյակ կառուցվող անվտանգային, քաղաքական մի ամբողջ համակարգ թղթե տնակի նման փլուզվեց, բայց, ինչպես «Ազատության» Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ծրագրերի տնօրեն, վերլուծաբան Անդրես Իլվեսն է նշում, այս ողբերգությունը ոչ թե 20, այլ 40 տարի առաջ է սկսվել:
Աֆղանստանի ողբերգությունը ոչ թե 20, այլ 40 տարի առաջ է սկսվել
«Իհարկե, հարկ է հիշել մի առանցքային հանգամանք՝ խոսքը ոչ թե 20, այլ 40 տարվա մասին է, այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը 70-ականներին ներխուժել է Աֆղանստան:
Աֆղանստանն Ասիայում ամենախաղաղասեր երկրներից էր, ամեն ինչ ահավոր փոխվեց, սովետները սպանեցին կես միլիոն, գուցե մեկ, կամ մեկուկես միլիոն աֆղանստանցի, 4 տասնմյակների պատերազմներ, ժողովուրդը հյուծվել է, դրան գումարեք հիվանդություններ, սովետների թողած ականապատ դաշտերը և այլ արհավիրքներ»,- ասել է Անդրես Իլվեսը:
Անցած 4 տասնամյակների ընթացքում այդ դժբախտ երկրում ընդհանուր հաշվով երևի մի քանի ամիս է խաղաղություն եղել:
Թալիբների առաջին մուտքով Աֆղանստանոում հաստատվեց դաժան միջնադար
Առաջին անգամ թալիբները 90-ականներին են գրավել երկիրը: 1992-ին Քաբուլում հրաժարական է ներկայացրել Խորհրդային Միության օգնությունից զրկված նախագահ Մոհամադ Նաջիբուլահը, ով փորձել է տեղափոխվել Հնդկաստան, բայց փախուստը չի հաջողվել:
Նա ապաստանել է Քաբուլում ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում: 1996-ին թալիբները նրան ուժով դուրս են հանել, կտտանքների ենթարկելով սպանել են, նույն ճակատագրին արժանացել է նախագահի եղբայրը՝ Շահպուրը:
Երկուսի այլանդակված մարմինները թալիբները բարձրացել են կախաղանի վերածած փողոցի լուսանշանի սյան վրա:
Թալիբներն այդ տարիներին ստեղծել են աշխարհի, թերևս, ամենադաժան հետադիմական պետությունը, որտեղ գործել են շարիաթի օրենքները:
Կանանց պարտադրել են մահմեդական գլխաշորեր և զրկել առանց տղամարդու ուղեկցության փողոց դուրս գալու իրավունքից, աղջիկներին արգելել են սովորել դպրոցներում, ոչնչացրել են արվեստի նմուշները, արձանները:
Դա ինչ-որ սյուրեալիստական մղձավանջային միջնադարի աշխարհ էր 20-րդ դարավերջին, աշխարհ, որտեղ հրապարակավ՝ մարզադաշտերում գնդակահարվել են աստվածանարգության կամ արտամուսնական կապի մեջ մեղադրված տղամարդիկ և կանայք:
Թալիբների առաջին պարտության պատճառն Ուսամա Բին Լադենն էր
Թալիբների այն շրջանի իշխանությունը տապալվել է, երբ Աֆղանստանում ապաստանած Ուսամա Բին Լադենն իրականացրել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումն Ամերիկայի վրա, ինչից հետո ամերիկացիները դաշնակիցների հետ ներխուժել են Աֆղանստան:
Միացյալ Նահանգները պնդում է, որ հասել է գլխավոր նպատակին, քանի որ Ուսաման ոչնչացված է, Ալ-Ղայդայից էլ գրեթե բան չի մնացել, ուստի, հեռանալու ժամանակն է:
Այդ է ասել նախագահ Ջո Բայդենը, երեկ հարցին անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Եթե հաշվի առնենք սպառնալիքները, որոնք առկա էին 2001-ի սեպտեմբերի 11-ից առաջ, ապա այսօր մենք շատ ավելի ապահով վիճակում ենք, խումբը, որը հարձակվել է ԱՄՆ-ի վրա՝ էապես տկարացել է, մենք ունենք հզոր լծակներ, որոնք կկիրառենք, եթե այդ խումբը կփորձի վերականգնվել և նորից մեզ սպառնալ, հիմա շատ ավելի լավ վիճակ է, քան 20 տարի առաջ: Ասում ենք 20 տարի, 20 տարի՝ 1 տրիլիոն դոլար, 2 հազար 300 զոհված ամերիկացի, դա շատ մեծ գին է, և նախագահն ասել է, որ եկել է պատերազմն ավարտելու ժամանակը»,- ասել է պտքարտուղարը:
Բրիտանիա, Ռուսաստան, Ամերիկա՝ ի վերջո բոլորը հեռացան
Բլինքենի խոսքով, 19-րդ դարում Բրիտանիան էր Աֆղանստանում, հիմա ԱՄՆ-ի տեղակայումն ավելի երկար է բրիտանացիների համեմատությամբ: 20-րդ դարում ռուսներն էին Աֆղանստանում, իսկ հիմա Ամերիկան երկու անգամ ավելի երկար է այնտեղ ռուսների համեմատությամբ:
«Ռազմավարական տեսակետից մի բան հստակ է, մեր ընդդիմախոսների երազանքն է, որ մենք խրված մնանք Աֆղանստանում ևս 5, 10 կամ 20 տարի, դա չի բխում մեր ազգային շահերից»,- ասել է Էնթոնի Բլինքենը:
Թալիբները փորձում են որոշակի միջազգային լեգիտիմություն ապահովել
Ինչպիսին կլինի թալիբների երկրորդ գալուստը: Արդեն կան տեղեկություններ ընդդիմախոսներին, ինչպես նաև արևմտյան ուժերի հետ համագործակցելու մեջ մեղադրվողներին հալածելու և ձերբակալելու մասին:
Բայց արագ հաղթանակից մի քիչ շփոթված թալիբներն առնվազն այսօրվա դրությամբ խուսափում են սարսափազդու հայտարարություններ հնչեցնելուց և ցանկանում են ինչ-որ առումով լեգիտիմություն ունենալ միջազգային համայնքի աչքերում:
Պետության պարտության պատճառը ձախողված քաղաքականությունն է
Իսկ պետական բանակի պարտությունն, ավելի ճիշտ կռվելու ցանկության բացակայությունն ունի մի շարք բացատրություններ՝ համատարած կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, տարրական կարգուկանոնի պակասը, կենցաղային անասելի դժվարությունները, այս ամենից և արևմտյան դատարկ խոստումներից հոգնած միլիոնավոր մարդիկ ուժասպառ են, փոփոխություն են ուզում, նույնիսկ եթե այդ փոփոխությունը գալիս է միջնադարի դաժանության դեմքով, միայն թե նույնը չշարունակվի:
Իհարկե, կան նաև հազարավոր երիտասարդ տղաներ և աղջիկներ, ովքեր փորձում են հեռանալ երկրից, բայց մարտական պատրաստության բերված հարևան պետությունների բանակները կասեցնում են փախուստի գրեթե բոլոր փորձերը: