Ըստ մասնագետի՝ COVID-19-ով հիվանդացության թվերի աճը բավականին մտահոգիչ է, առողջապահական համակարգը ծանրաբեռնված է

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դանդաղ, բայց կայուն կերպով ուժգնանում է, ասում է համաճարակաբան Արման Բադալյանը, շարունակում՝ առողջապահական համակարգը ծանրաբեռնված է, հիվանդացության թվերի աճը բավականին մտահոգիչ է։

«Այս պահին մեզ համար շատ կարևոր է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, որը այսօր կայուն բարձրանում է, և հիվանդացածների ու մահացածների թիվը դանդաղ, բայց կայուն աճում է։ Նորից եմ ասում՝ համեմատ նախորդ ալիքների, միգուցե մենք տենց մեծ ամպլիտուդ չունենք համաճարակային կորի, բայց այն ալիքը, որ այս պահին ունենք ձևավորվող, ամեն դեպքում բավականին մտահոգիչ է», - նշեց Բադալյանը:

Համաճարակաբանը հիշեցնում է՝ այն անձինք, ովքեր կորոնավիրուսով վարակվել են մոտ 1 տարի առաջ, կա ռիսկ, որ կարող են նորից վարակվել. «Մեծամասամբ հակամարմնի քանակի իջեցում ունենք և նույնպես էլի կա ռիսկ կրկնավարակի: Կարա անգամ 0 լինի հակամարմինների քանակը, 1-ից ցածր, բայց դու բջջային իմունիտետի հաշվին էլի մնաս պաշտպանված, այսինքն շատ հարաբերական է այդ հարցը, և մենք այսօր չունենք որևէ շեմ: Այստեղ էլ որոշ հարցեր կան, որ անհրաժեշտություն կա ճշգրտելու, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է հավանական այդ կրկնավարակը: Ամեն դեպքում գրանցված դեպքեր կան»:

Երեկ հաստատվել է հիվանդության 256 նոր դեպք, դրական է եղել իրականացված շուրջ 5500 թեստերի 4,7 տոկոսը։ Նախորդ շաբաթ արձանագրվեցին վարակվածության՝ վերջին երեք ամիսների ամենաբարձր թվերը, վարակի տարածմանը զուգահեռ աճում է նաև մահացած քաղաքացիների թիվը։ Երեկ քովիդը խլել է 7 մարդու կյանք, կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Վարակի տարածումից մինչ օրս 4702 մահվան դեպք է գրանցվել, ևս 1136 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, այլ հիվանդության պատճառով է մահացել։

Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում են ստանում ավելի քան 6000 քաղաքացիներ, քովիդով հիվանդներին սպասարկում է 10 ԲԿ, որոնցից 2-ը՝ մարզերում։ 99 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 463-ը՝ ծանր, թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված 54 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների համար վերակենդանացման բաժանմունքներում 190 մահճակալ կա, 160-ը այս պահին զբաղված է, ազատ է ընդամենը 30-ը։

Քովիդի տարածման դեմ ամենաարդյունավետ միջոցն, ըստ մասնագետների, պատվաստումն է, այդ առումով, այդուհանդերձ, Հայաստանը դեռևս աշխարհում հետնապահների թվում է։ Ըստ Առողջապահության նախարարության՝ մինչ օրս կատարվել է ավելի քան 220 հազար պատվաստում, սա Հայաստանի բնակչության 7,5 տոկոսն է։ Այդուհանդերձ, հստակ չէ, թե այս թվի մեջ որքան են կազմում օտարերկրացիները։

Առողջապահության նախարարությունը վարչապետի հանձնարարականով վիճակագրություն է վարում, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացիներ։ Նախարարությունը սակայն, դեռ միայն ներկայացրել է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ի տվյալները։ Ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածում պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնց շուրջ 96 տոկոսը կամ 56 հազար 10-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

Ըստ համաճարակաբանի՝ Հայաստանում պատվաստումային գործընթացը չափազանց վատ է ընթանում։ Բադալյանի խոսքով՝ պետք է պարբերաբար հաղորդել, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացիներ, ըստ նրա՝ այդ թիվը բավականին փոքր է լինելու։

«Եթե այդ 200 հազարից հանենք այն թիվը, որը երկու դեղաչափ է ստացել, դրանից էլ հանենք այլազգի ներկայացուցիչներին, կտեսնենք, որ բավական փոքր թիվ է, դրա համար ես ասում եմ՝ չափազանց վատ: Իսկ այս պարագայում մենք նշում ենք, որ ազգաբնակչության բավական զգալի տոկոսը, մանավանդ «Դելտա» շտամի պարագայում, եթե վերցնենք, որ մի մարդը 6-7 հոգի կարա վարակի, այսինքն իր բազային վերարտադրող ցուցանիշը բավական բարձր է, նաև հաշվի առնենք պատվաստանյութի էֆեկտիվությունը, ապա մարդկանց թիվը, որ պետք է պատվաստվեն բավականին մեծ է ստացվում, և մեզ մոտ բավական խայտառակ թիվ է այդ տեսանկյունից», - ասաց համաճարակաբանը: