Նման զարգացումներ խորհրդարանում դեռ երեկ կանխատեսել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հայտարարելով, թե սա իշխանությունների կողմից Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի դեմ սկսվածը քաղաքական գործընթաց է։
«Ազատությունը» փորձեց զրուցել հրաժարական ներկայացրած ավագանու անդամների հետ։ Ութ անդամներից վեցը պատասխանեցին մեր հեռախոսազանգերին, վեցից երկուսին «անհարմար պահի» էինք զանգել, մնացած չորսն էլ մեկ մարդու պես նույն պնդումն արեցին՝ իշխանություններն իրենց ոչինչ չեն խնդրել, հորդորել կամ ասել։ Մեկն առողջական, մյուսն անձնական, երրորդ էլ գործնական պատճառներով է հեռանում։
Ինչպե՞ս է ստացվում, որ ութն էլ միաժամանակ որոշեցին։ Ասում են՝ պարզապես համընկել է։
Գործող քաղաքապետը ընտրվել էր 2018-ի հեղափոխությունից հետո՝ հաղթելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության թեկնածուին։ Նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 2 տարի կա։ Այսօր ողջ օրվա ընթացքում Փարսյանը անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։ Նրա մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը փոխանցեց, որ առաջիկայում այս թեմայով համայնքապետը մեկնաբանություն կտա։
Անկուսակցական Փարսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ խիստ քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ նախընտրական փուլում Փաշինյանին Սյունիքում, այդ թվում Կապանում դիմավորեցին բողոքի ակցիաներով, վիրավորական վանկարկումներով։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կալանավորվել են Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարները, ինչպես նաև Մեղրիի ու Սիսիանի նախկին համայնքապետերը, ովքեր նախկին նախագահ Քոչարյանի դաշինքով պատգամավոր են ընտրվել։
Ըստ էության, Կապանը Սյունիքի վերջին խոշոր համայնքն է, որի ղեկավարի առնչությամբ մինչև հիմա իրավական գործընթաց չի եղել։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հորորդում է այս համատեքստում դիտարկել անկուսակցական Փարսյանի ղեկավարած համայնքում տեղի ունեցող զարգացումները. - «Ակնհայտ է, որ քաղաքական պատվեր կա։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք փորձեք համեմատության մեջ դնել՝ որևէ այլ համայնքների ղեկավարների նկատմամբ նման հետապնդում կա՞ն։ Իհարկե չկան։ Հետևաբար՝ Սյունիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի իշխանությունը, որը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ ընտրություններից առաջ համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել և ասել, որ էս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Բնական է, որ պետք է պահանջեին։ Եվ այսօր ուղղակի հաշվեհարդար է, սովորական հաշվեհարդար է։ Որքանով ինձ է հայտնի, իշխանությունները փորձել են նաև քրեական հետապնդում իրականացնել պարոն Փարսյանի նկատմամբ։ Բայց դա քանի որ չի հաջողվել, այս միջոցով են փորձում հեռացնել պարոն Փարսյանին։ Դեմոկրատակա՞ն երկրում ենք ապրում, թե՞ մի երկրում, որտեղ կենտրոնական իշխանությունն ուզում է, որ բոլոր համայնքներում լինեն իրենց ներկայացուցիչները, ինչը, իհարկե, անընդունելի է ինձ համար»։
Սյունիքի փոխմարզպետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը «Ազատությանը» փոխանցեց, որ ավագանու լուծարման մասին արձանագրությունը Կապանի համայանքապետարանից ստանալուց հետո մարզպետարանը կդիմի կառավարություն, և գործադիրը արտահերթ ընտրությունների օր կնշանակի։
Իշխող ուժի անդամ, Կապանի համայնքապետի ընտրություններում 2018 թվականին գործող քաղաքապետին պարտված փոխմարզպետը բացառում է քաղաքական հետապնդման վարկածը. - «Էս պահին ոչ մեկի վրա ոչ մի ճնշում առաջարկ...»
Հետաքրքրական է, որ Կապանի համայնքապետի ընտրություններին ոչ իշխանական թեկնածուի հաղթանակը ժամանակին Փաշինյանը ժողովրդավարության հաղթանակ էր որակել՝ ասելով. - «Եվ իշխանությունը որևէ քայլ, կեսքայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել»։