Մատչելիության հղումներ

Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Իր հանցավոր նպատակի իրականացման համար Առուշանյանը հունիսին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Ավետյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Այդ կերպ Առուշանյանը նախապատրաստել է ծանր հանցագործություն, որը, սակայն, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:

Բացի այդ, ապրիլի 28-ին` Առուշանյանի պահանջով, Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ից մինչև 220.000 դրամ:

Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա. Առուշանյանը կազմակերպել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ընտրողներին` ընտրությանը մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Մասնավորապես, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Լ. Ավետյանին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին:

Ա. Առուշանյանի կազմակերպմամբ Լ. Ավետյանը, իր հերթին, 2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Առուշանյանի կազմակերպմամբ Ավետյանի հիշյալ գործողություններով խաթարվել է Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Առուշ Առուշանյանին և Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել: Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ավտետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG