Ինչո՞վ են աչքի ընկնելու ընդամենը տասն օր առաջ պաշտոնը ստանձնած Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա նախարարական կաբինետը։ Իրանի սահմաններից դուրս գործող ընդդիմադիր լրատվամիջոցներն ու Իսլամական Հանրապետության ներքին զարգացումներին հետևող արևմտյան փորձագետներն արդեն մի քանի օր է, ինչ փորձում են գտնել այս հարցի պատասխանը՝ վերլուծելով Ռայիսիի կողմից շաբաթասկզբին ներկայացված նախարարների թեկնածուներին։ Դատելով երկրի խորհրդարան՝ Մեջլիս ուղարկված ցանկից, Ռայիսիի կառավարության կազմում հիմնականում պահպանողական հայացքներ դավանող գործիչներ են, որոնց զգալի մասն ընդգրկված է եղել դեռ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության կազմում։
Լոնդոնում գործող Iran International հեռուստաալիքի պնդմամբ, օրինակ, Ռայիսիի կառավարության կազմում առաջադրվածների մի մասը գտնվում է արևմտյան պատժամիջոցների թիրախում, մյուսներն էլ ներքաշված են եղել տարատեսակ կոռուպցիոն սկանդալներում։
Ամենատպավորիչը թերևս ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված գեներալ Ահմադ Վահիդիի կենսագրությունն է։ Ահմադինեժադի կաբինետում Վահիդին պաշտոնավարել էր որպես պաշտպանության նախարար, սակայն նրա կարիերայի մեծ մասը կապվում է ոչ թե Զինված ուժերի, այլ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ։ Ազդեցիկ ուժային այդ կառույցի կազմում Վահիդին ծառայել է որպես «Ալ Քոդս» հատուկ ծառայության ղեկավար։ Հենց այդ ստորաբաժանումը ղեկավարելու ընթացքում՝ 1994 թվականին, ըստ Iran Watch կայքի, Վահիդին առնչվել է Բուենոս Այրեսի հրեական կենտրոնի պայթեցման հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 85 մարդու կյանք խլած ահաբեկչական այդ հարձակման գործով Վահիդին միջազգային հետախուզման մեջ է գտնվում։ Բացի այդ, Եվրամիությունն արգելել է նրա մուտքը իր տարածք՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում ունեցած դերակատարության համար։
Պակաս տպավորիչ չէ Ռայիսիի կողմից արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված Հոսեյն Ամիր-Աբդոլահյանի կենսագրությունը։ 57-ամյա դիվանագետը մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի խորհրդարանի խոսնակի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը։ 2011-16 թվականներին Ամիր-Աբդոլահյանը պաշտոնավարել է որպես փոխարտգործնախարար՝ համակարգելով հարաբերությունները արաբական աշխարհի և Աֆրիկայի հետ։ «Ազատության» իրանական ծառայության տվյալներով՝ Ամիր-Աբդոլահյանն այդ ընթացքում հիմնականում առաջ է քաշել իրեն հովանավորող «Հեղափոխության պահապանների կորպուսի» քաղաքական օրակարգը՝ զբաղվելով արտերկրում այս կառույցի ձեռնարկած գործողությունների դիվանագիտական ապահովմամբ։ Բացի այդ, ըստ իրանական աղբյուրների, արտգործնախարարի թեկնածուն մասնակցել է 2007-ին Բաղդադում կազմակերպված ամերիկացիների հետ բանակցություններին, որոնց նպատակն էր Իրաքում իրադրության կայունացմանն ուղղված գործողությունների համակարգումը։ «Այս բանակցությունները հիմնականում անարդյունք ավարտվեցին», - հիշեցնում է «Ազատության» իրանական ծառայությունը։
Ռայիսիի կաբինետում, ըստ իրանցի ընդդիմադիրների, բավական մեծ թիվ են կազմելու նախկինում կոռուպցիոն սկանդալներում ներքաշված պաշտոնյաները։ Էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրված Ալի-Աքբար Մեհրաբյանն, օրինակ, ըստ Iran International ալիքի, տարիներ առաջ դատարանի առջև է կանգնել սեյսմակայուն շենքերի նախագծման ընթացքում թույլ տրված չարաշահումների համար։
Պլանավորման և բյուջետային գործակալության ղեկավարի պաշտոնում առաջադրված Մասուդ Միրքազեմին առնչություններ ուներ իրանական դատարանի կողմից մահապատժի դատապարտված միլիարդատեր Բաբակ Զանջանիի անվան շուրջ ծագած կոռուպցիան սկանդալի հետ։ Իրանցի իրավապահների պնդմամբ՝ Զանջանիի գործունեության հետևանքով երկրի բյուջեն շուրջ երեքուկես միլիարդ դոլարի վնաս էր կրել։
Ուշագրավ է նաև Էբրահիմ Ռայիսիի կողմից էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածությունը։ Մեջլիսի կողմից հաստատվելու դեպքում Իրանի տնտեսական քաղաքականությունը կհամակարգի Էհսան Խանդուզին, որը երկրում հայտնի է որպես «Տնտեսական արդարության գաղափարը Ղուրանում» գրքի հեղինակ։