Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Իրանի նախագահի նստավայրում դիմավորելով Փաշինյանին՝ Ռեյիսին հայտարարել է, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը, ինչպես նաև՝ Թեհրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը՝ հավելելով, որ Իրանը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Իր հերթին, Հայաստանի վարչապետը նշել է, թե Երևանը պատրաստակամ է համատեղ ջանքերով շարունակել երկկողմ երկխոսությունը, առավել հարստացնել երկկողմ համագործակցության օրակարգը։
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը», - ընդգծել է Փաշինյանը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդման, մասնավորապես, Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային ու մալուխային կապի զարգացամանը, հայաստանյան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակում էներգետիկ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
«Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի խոսքով, Հայաստանի անկախության նվաճումից ի վեր՝ 1991 թվականից, ընդհանուր առմամբ, Իրանի քաղաքականությունը Երևանի նկատմամբ անփոփոխ է մնացել, նաև 44-օրյա պատերազմից հետո. - «Հասարակությունը շատ ավելի դրական տեսանկյունից է Հայաստանին նայում։ Իսկ պետական հայեցակարգը շատ էլ պարզ չի, այսինքն՝ մենք հասկանում ենք, որ Իրանի շահերը ավելի Հայաստանին են մոտ, քան Ադրբեջանին, բայց քայլերը դա չեն ցույց տալիս։ Որոշ անձինք դա կապում են Իրանի արտաքին գործերի նախարարությունում թրքախոսների լոբբինգի կամ թրքախոս պաշտոնյաների շատության հետ»։
Չնայած թե՛ Փաշինյանը, թե՛ Ռայիսին այսօր Թեհրանում խոսել են տարածաշրջանային խաղաղությունից, սակայն ուշադրություն է գրավում, որ բացակայում են ղարաբաղյան հակամարտության կամ հայ-ադրբեջանական սահամանին տիրող իրավիճակի կամ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ձևակերպումները, որոնք, սովորաբար առկա են Հայաստանի ղեկավարի և օտարկերկրյա իր գործընկերների բանակցությունների, քննարկումների ժամանակ։
44-օրյա պատերազմի ընթացքում՝ անցած տարվա նոյեմբերի 3-ին Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ իրանական պետական Irna լրատվական գործակալության՝ նշելով. - «Իհարկե, Հայաստանի բռնազավթած Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն։ Բոլոր այդ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ադրբեջանական Հանրապետությունը իրավասու է վերահսկել իր տարածքը, ուստի այդ բոլոր հողերը պետք է ազատագրվեն»։
Խամենեի այս հայտարարությանը հաջորդ օրն իսկ արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ բարձր գնահատանքի արժանացնելով Իրանի ղեկավարի խոսքերը։
Փաստորեն նույնաբովանդակ հայտարարություն է արել նաև Իրանի ներկայիս նախագահ Էբրահիմ Ռայիսին, երբ անցած ամիս՝ հուլիսի 14-ին պատասխանում էր Ադրբեջանի նախագահի շնորհավորանքին, որը Իլհամ Ալիևը հղել էր հունիսի 18-ի Իրանի նախագահական ընտրություններում Ռայիսիի հաղթանակի կապակցությամբ։
«Բռնազավթած տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության և [իրանա-ադրբեջանական] ընդհանուր սահամանի վերականգնումից հետո, ավելի դյուրին կլինի օգտագործել նոր հնարավորությունները և համատեղ ջանքերով ընդլայնել համագործակցության մակարդակը՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը երաշախավորելու համար», - ըստ իրանական Mehr լրատվական գործակալության, գրել էր այդ ժամանակ Իրանի ընտրյալ նախագահ Ռայիսին։
«Այս դեպքում Իրանի առաջնորդը միշտ եղել է Ադրբեջանի կողքին։ Ձևական հայտարարություններ եղել են բոլոր մակարդակներում, որ այո, Հայաստանը մեր հարևանն է, մենք մեր հարևանի հետ միշտ ուզում ենք, որ լավ հարաբերություններ ունենանք և այլն, բայց դրանք գործնական սահմանը չեն հատել», - ասաց Ռուբիկ Մինասյանը։
Ի դեպ, Irna-ն նույնպես հաղորդել էր Ռայիսի այս խոսքերը, որին էլ հղում էին տվել հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն իրանական պետական լրատվական գործակալության կայքէջում Ալիևին ուղղված Ռեյիսի պատասխանի այս հատվածը այլևս բացակայում է։
Նախորդ ամիսներին հայ-իրանական հարաբերություններում աչքի զարնող հաջորդ հանգամանքը Իրանի նախագահների՝ Հասան Ռոհանիի, ով պաշտոնավարեց մինչև այս օգոստոսի 3-ը, և Ռաիսիի շնորհավորանքների բացակայությունն է Հայաստանում հունիսի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի և օգոստոսի 2-ին վարչապետի պաշտոնում Փաշինյնաի նշանակման կապակացությամբ։ Համենայնդեպս, հունիսի 21-ից ի վեր Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը չի հայտնել Իրանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված շնորհավորանքի մասին։
Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, Ռայիսի երդմնակալության արարողությանը այսօր Թեհրանում Ադրբեջանը ներկայացված էր խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի մակարդակով։