Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները պնդում են, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները»՝ երեկ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին հրահանգելով դադարեցնել ուղիղ հեռարձակումը խորհրդարանի նիստերի դահլիճից: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա», - հայտարարում են 11 կազմակերպությունները, որոնց թվում են, մասնավորապես, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: - «Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը»։
«Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս.թ. օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք.
- հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,
- բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,
- միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,
- չեղարկել ս. թ. օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը», - ասված է հայտարարությունում: