Երեկ տեղի ունեցավ իրադարձություն, որը վստահ դուրս է գալիս սոսկ սպորտի սահմաններից և համաշխարհային զարգացում է դիտվում ու մեկնաբանվում է նույնքան մանրամասն, ակտիվ և բազմակողմանի, որքան մոլորակի հրատապ քաղաքական կամ տնտեսական զարգացումները:
Կատալոնական «Բարսայի» և Արգենտինայի հավաքականի գերաստղ, համաշխարհային ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում բացառիկ, հանճարեղ ֆուտբոլիստներից մեկը փոխեց ակումբը: Հետայսու նա հանդես է գալու Ֆրանսիայի մայրաքաղաքի Paris Saint-Germain-ի կազմում:
Դեռ անցած կիրակի՝ օգոստոսի 8-ին, Լիոնել Մեսսին բառի բուն իմաստով լացելով է խոսել «Բարսայից» հեռանալու մասին:
«Չգիտեմ, թե արդյոք կարող եմ խոսել, անցած մի քանի օրը մտածել եմ, թե ինչ պետք է ասեմ, բայց հիմա էլ խոսքեր չունեմ, շատ դժվար է հեռանալ այսքան տարիներ այստեղ լինելուց հետո», - արցունքն աչքերին խոստովանել է Լեոն:
Ասել, թե նրա հեռանալը կատալոնական ակումբի երկրպագուներին ցավ է պատճառել՝ նշանակում է բան չասել:
Մեսսիի հեռանալը նրանց համար շոկ էր, անսպասելի բնական աղետ և մեծ ողբերգություն: Հուսահատված հազարավոր ֆաներ վերջին օրերին, երբ պարզ դարձավ, որ Մեսսին ու «Բարսան» չեն կարողանում լուծել պայմանագրի հարցը, հավաքվել են «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ, վիճել, բարկացել, աղոթել, լացել: Բայց ֆուտբոլի ու գուցե ընդհանրապես կյանքի զարմանալի տրամաբանությունն է՝ մեկի սուգն ուրիշի ուրախությունն է:
Փարիզում Մեսսիի ժամանումը գրեթե վերածվել է Փրկչի երկրորդ գալստյան: Այստեղ էլ «Պարի Սեն Ժերմենի» մարզադաշտի մոտ են հավաքվել հազարավոր ֆաներ, ի տարբերություն կատալոնացիների, նրանք ոգևորված են, ուրախ և երջանիկ:
Այսօր Լեոյի առաջին ասուլիսն էր Փարիզում: Ֆենոմենալ մարզիկին հանրությանը ներկայացրել է ակումբի նախագահ, քաթարցի մեծահարուստ գործարար Նասեր Ալ-Խելայֆին, ով ասել է, որ թիմում հիմա աշխարհի լավագույն մարզիչն է (արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն), լավագույն ֆուտբոլիստները, որոնց միացել է ամենահզոր ֆուտբոլիստ Մեսսին:
Լեո Մեսսին ասել է, որ «Բարսելոնայից» հեռանալն, իհարկե, շատ տխուր հանգամանք է, բայց դա այլևս անցյալ է, նա եկել է Փարիզ նոր թիմի հետ, նոր եռանդով նոր նվաճումներ ապահովելու նպատակով:
«Իսկ գերնպատակը, երազանքը «Պարի Սեն Ժերմենի» համար ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակ ապահովելն է»,- ասել է Մեսսին:
Արգենտինացին և «Բարսան» չեն կարողացել համաձայնեցնել նոր պայմանագիրը, հինը սպառվել է հուլիսի 1-ին, և դրանից հետո նա ստացել է այսպես կոչված «ազատ գործակալի» կարգավիճակ:
Աշխատավարձի մեծ կրճատում Մեսսին մերժել է, իսկ այն, ինչ ընդունելի է համարել՝ հակասել է Լա Լիգայի կանոններին:
34-ամյա Լեոն «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագիր է կնքել 2 տարով, ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: Ամեն տարի նա կիստանա 35 միլիոն եվրո:
Նոր ակումբում նրա հետ կլինեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից բրազիլացի Նեյմարը, ում հետ նա խաղացել է «Բարսայում, հայրենակից Անխել Դի Մարիան, ում հետ հանդես է գալիս հավաքականում, և ֆրանսիացի Կիլիան Մբապեն: Այդ կազմով որևէ թիմ իսկապես կարող է հավակնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթին:
Լիոնել Մեսսին մանկության տարիներից Բարսելոնայում էր, նա ակումբի դպրոցի սան է, «Բարսայի» կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ վաստակել է Իսպանիայի գավաթը, 8 անգամ՝ Սուպեր գավաթը, 4 անգամ շահել է եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթը, 3 անգամ շահել է ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթը և երեք անգամ հաղթել է աշխարհի ֆուտբոլի ակումբային առաջնություններում:
Լիոնել Մեսսին վեց անգամ վաստակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»: Նրա հավերժ մրցակից-գործընկերը՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն 5 անգամ է «Ոսկե գնդակ» ստացել:
Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին 2008-ին դարձել է օլիմպիական չեմպիոն, 2014-ին վաստակել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը և 2021-ին վաստակել է Ամերիկայի գավաթը: