Ռուս սահմանապահների տեղակայումը Ոսկեպարում որևէ կապ չունի որևէ բան հանձնելու հետ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Օրերս Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։ Ոսկեպարցիներն անհանգստացած են, ասում են՝ ռուս սահմանապահները խաղաղություն պահպանելո՞ւ, թե՞ հողերը հանձնելու համար են տեղակայվել։
Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, հիմա մենք տեսնում ենք, որ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել, և Ոսկեպարում գյուղացիների հետ մեր զրույցիներից պարզ դարձավ, որ մարդիկ վախենում են, որ գյուղերը կարող են ադրբեջանցիներին հանձնվել։ Հիմա Դուք կարո՞ղ եք դիմել ոսկեպարցիներին և հանգստացնել նրանց, եթե նրանց ոչ մի բան չի սպառնում։
Ռուբեն Ռուբինյան․ - Այո՛, իհարկե կարող եմ և նաև կարող եմ ասել, որ ռուս սահմանապահների տեղակայումն այնտեղ որևէ կապ չունի որևէ բանի հանձնման հետ։
«Ազատություն»․ - Եթե կարող եք մեկնաբանեք նաև ի՞նչ կատարվեց, արտգործնախարար մենք ունե՞նք, թե՞՝ չունենք այս պահին։
Ռուբեն Ռուբինյան․ - Այս պահին չունենք, որովհետև դեռ չի նշանակվել արտգործնախարար, բայց մոտ ժամանակներս կնշանակվի։
«Ազատություն»․ - Ենթադրություններ կան, որ որոշ տարաձայնություններ կան Մոսկվայի հետ, մասնավորապես, արտգործնախարարի թեկնածության հարցում՝ Արմեն Գրիգորյանի հարցում, կա՞ նման բան։
Ռուբեն Ռուբինյան․ - Ո՛չ, որևէ տարաձայնություն չկա և չի կարող լինել, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակելիք պաշտոն է և այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի նախարար, նորմալ պրոցես է։
«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանում ընդհանրապես հնարավոր չի լինելու օրենսդրական գործունեություն։ Կարծեք թե քաղաքական ուժերը եկել են այնտեղ լի վճռականությամբ չզիջելու որևէ հարցում, և եթե պետք է նաև հնարավորին չափ խստորեն քննադատել հակառակորդին՝ մինչև ոչնչացնելու աստիճան։ Ընդդիմադիրները մատնացույց են անում անցնող երեք տարվա ձեր ձախողումները, իսկ դուք նրանց հակադարձում եք՝ մեջբերելով նրանց անցյալը՝ ալան-թալանը և այլն։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է կամրջել այն ոլորտները, որտեղ համախմբում է պահանջվում՝ ծանր իրավիճակներից դուրս գալու համար։ Մեկդ մյուսին անվերջ մեղադրում եք։ Ի՞նչ պետք է լինի, որքա՞ն կարող է խորհրդարանն այսպես շարունակել։ Ընդամենը մի քանի օր սկսված 8-րդ գումարման Ազգային ժողովն առայժմ ոչ մի հույս չի ներշնչում, որ իշխող ուժը և ընդդիմադիրները կարող են ընդհանուր հայտարարի գալ գոնե անվտանգային հարցերում։ Գուցե Դուք այլ կարծիքի եք, պարոն Ռուբինյան։
«Ազատություն»․ - Ես չեմ կիսում Ձեր անհուսությունը և չեմ կարծում, որ ՔՊ խմբակցությունը անընդհատ խոսել է անցյալից, կամ ալան-թալանից։ Ես, օրինակ, այս օրերի ընթացքում, իմ բոլոր ելույթները և իմ բոլոր խոսքերն ուղղել եմ հենց կառուցողականության և բարձր որակի քաղաքական բանավեճերի և քաղաքական ելույթների ապահովմանն ու անհրաժեշտությանը, և ես լիահույս եմ, որ ընդդիմությունը նույնպես ինչ-որ կետից կգա կառուցողական դաշտ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև