Իրաքը դադարեցրել է թռիչքները դեպի Մինսկ՝ Լուկաշենկոյի միգրացիոն քաղաքականության պատճառով

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ազգային փոխադրողներին արգելել է թռիչքներ կատարել դեպի Մինսկ։ Որոշումը կայացել է կառավարության կարգադրության համաձայն։

Ժամանակավոր արգելքի պատճառը Բելառուս-Լիտվա սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամն է, որտեղ յուրաքանչյուր օր Իրաքի տասնյակ քաղաքացիներ փորձում են անօրինական մուտք գործել Լիտվա։

Անցած մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրամիությանը սպառնացել էր այլևս չվերահսկել միգրանտների հոսքերը։ Այս ամռան ընթացքում Բելառուսից Լիտվա է անցել մոտավորապես 4 հազար միգրանտ։ Նրանց մեծ մասը Մինսկ է հասնում որպես զբոսաշրջիկ և փորձում անօրինակն հատել Լիտվայի սահմանը։

Լիտվան Բելառուսի հետ սահմանին արտակարգ իրավիճակ է հայտարարել և փշալարերով ցանկապատ է կառուցում անօրինական միգրանտների հոսքը զսպելու համար։