«Բարսելոնա»-ն ցնցված է՝ Մեսսին հեռանում է

Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում, արխիվ

«Բարսելոնա»-ի ֆաները ցնցված են Լիոնել Մեսսիի հեռանալու մասին լուրից։ Լեգենդար ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսա»-ի հետ չի երկարաձգվում՝ թիմ, որին նա միացել էր 13 տարեկան հասակում և այնտեղ անցկացրել ֆուտբոլային իր ամբողջ կարիերան։ Մեսսին թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է, վեց անգամ դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր, նրա օգնությամբ «Բարսելոնա»-ն տասն անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, չորս անգամ առաջին տեղը գրավել Չեմպիոնների լիգայի մրցաշարում։

Ակնկալվում էր, որ «Բարսելոնա»-ի հետ Մեսսիի պայմանագիրը կերկարաձգվի ևս հինգ տարով, բայց հինգշաբթի երեկոյան ֆուտբոլային ակումբը հայտնեց Լա Լիգայի ֆինանսական սահմանափակումների մասին։

Իսպանական ֆուտբոլի առաջնության նորմերով ֆուտբոլային ակումբների ծախսերը կախված են եկամտից։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բարսելոնա»-ն այնքան եկամուտ չի ստացել, որ կարողանա պահել Մեսսիին, չնայած նա համաձայնել էր ավելի ցածր վարձատրության։

Դեռ պարզ չէ, թե 2021-22 առաջնությունում որտեղ կարող է հանդես գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Շատ հանկարծակի ավարտ էր, թվում էր՝ նրա պայմանագիրն արդեն երկարաձգված է, իսկապես տխուր է, շատ, շատ տխուր», - ասել է «Բարսա»-ի ֆան Խոսե Ռիվերոն։

Այսօր առավոտյան իսպանական թերթերը լույս են տեսել առաջին էջերին Մեսսիի մեծադիր լուսանկարով ու դրամատիկ վերնագրերով։ Տարածաշրջանային El Periodico թերթը տպագրվել է մեկ բառանոց վերնագրով՝ «Անհավանական է»։