«Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը»․ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան, հանդիպել Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղևորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը»

Հանդիպմանն Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար ունի առաջնային նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։

«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում վարչապետն առանցքային է համարել Իրանի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել երկրի կառավարությանը՝ համայնքի շրջանում ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ապահովելու համար։

Կողմերն առանցքային են համարել Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։

«Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը»

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Էբրահիմ Ռայիսին վարչապետ Փաշինյանին մաղթել է ուժ, եռանդ և կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։

Փաշինյանը Ռայիսիին հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։

Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։

Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։