Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին, այսօր ՊԵտական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:
«Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք», - նշել է Փաշինյանը:
Նա մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված․ - «Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես օրինակ կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող: Այս տեսակետը կտրականապես չեմ կիսում, որովհետև չգիտեմ քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, դա այլ հարց է, բայց ես համարում եմ, որ ուղղակի չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի», - ասել է վարչապետը՝ շեշտելով՝ սա իր առաջին պայմանն ու պահանջն է։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հարկային ծառայության պարագայում էլ կան որոշ բացահայտված դեպքեր․ - «Մենք պետք է այստեղ լուրջ, խորքային օրենսդրական նորմատիվ, բայց նաև հոգեբանական բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի այս երևույթները եթե ոչ բացառենք, գոնե հասցնենք այնպիսի նվազագույնի, որ այսպիսի լսարաններում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չլինի»։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում մատուցած ծառայությունների համար և դրանք բարձր գնահատել: Փաշինյանը հավելել է, որ Հովհաննիսյանի հետագա գործունեությանն առնչվող հարցը քննարկելու տարբերակներ կունենան: Վարչապետը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Դուք նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել եք, զբաղեցրել եք նախագահի տեղակալի պաշտոնը և, ըստ էության, ծանոթ եք համակարգին: Կարծում եմ, ունեք բոլոր հնարավորություններն անհետաձգելիորեն ներգրավվել գործի մեջ և իրականացնել այն ուղղությունների բարեփոխումները,
Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում:
«Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել: Ձեր նախանշած ուղղություններով անպայման քայլեր կձեռնարկվեն: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին, որովհետև առաջին հերթին, կարծում եմ, կարևոր է լավ ցուցանիշների պահպանումը և բազմաթիվ նման ցուցանիշներ ՊԵԿ-ն արդեն գրանցել է: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:
Կառավարության օգոստոսի 3-ի որոշումներով՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց ՊԵԿ նախագահի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը արդարադատության նախարարն էր 2019-ի հունիսից, մինչ այդ նա զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։