Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ է նվաճել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ըստ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության՝ վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղըզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:

Սա Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած երկրորդ մեդալն է. օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Այսօր մեդալ նվաճելու հնարավորություն է ունեցել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 1:4 հաշվով զիջել է Ռաֆիգ Հուսեյնովին (Ադրբեջան), ասված է հաղորդագրությունում: