Ծագող արևի երկրի մայրաքաղաքում՝ Տոկիոյում մեկնարկեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Մարզական գլխավոր իրադարձությունն անցած տարի պետք է կայանար, սակայն, կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց։
Այդուհանդերձ, Օլիմպիական խաղերը խիստ սահմանափակումների պայմաններում կանցկացվեն, Տոկիոյի բազմահազարանոց մարզադաշտում բացման արարողությանն ընդամենը 950 մարդ էր մասնակցում։ Բարձաստիճան հյուրերի թվում էր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Որոշ ատլետների քովիդ թեստեր արդեն դրական պատասխան ունեն։
Հայաստանը մարզական ամենակարևոր ստուգատեսին ներկայանում է 17 մարզիկներով, նրանցից ոմանք առաջին անգամ կմասնակցեն Օլիմպիական խաղերին։ Խաղերին առաջին անգամ մասնակցող 18-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի հավաքականի դրոշակակիրներից մեկն է, մյուսը բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն է, վերջինս պայքարի մեջ կմտնի այս կիրակի։ Նույն օրն ավելի վաղ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կփորձի իր ուժերը, նա ևս առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Մինչ այդ, շաբաթ օրը հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
Խաղերի բացման առթիվ ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը. «Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման: Սիրելի մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ ու մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ՝ սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր ուղերձում նշել է՝ հավատում է՝ Տոկիոյում ոչ միայն եռագույնն է ծածանվելու, այլև հնչելու է Հայաստանի օրհներգը. «Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դվարություններն անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ»:
Հայաստանի հավաքականին մի շարք հանգամանքներ խանգարեցին ավելի մեծ կազմով ներկայանալ Տոկիո 2020-ին, ասում է Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը. «Ընդհանուր առմամբ քովիդը խանգարեց նաև, որ մենք ավելի շատ ուղեգրեր ունենանք, նաև տարբեր պատճառներով մրցաշարեր անցկացվեցին հարևան երկրում, թույլ չտվեցին, որպեսզի մեր մարզիկները մասնակցեն և հնարավորություն ունենան ուղեգրեր ձեռք բերելու, նաև դպինգ սկանդալների պատճառով ծանրամարտում ունեցանք խնդիրներ և այդ առումով այս անգամ մենք քիչ մասնակցով ենք ելույթ ունենալու»:
Լրագրողի կարծիքով՝ հայ մարզիկների մրցելույթներից ակնկալիքները մեծ են, ըստ Արմեն Գարամյանի, Հայաստանը 5 կամ 6 մեդալ խաղերի արդյունքում կունենա. «Առանձին մարզիկներին եթե դիտարկենք, ամենամեծ սպասումները, բնականաբար, ծանրամարտում Սիմոնից են, ըմբշամարտում մեծ սպասելիքներ ունենք թե՛ Արթուրից, թե՛ Արսենից, Վազգենից և մյուսներից ևս ու նաև բռնցքամարտում ու սպորտային մարմնամարզությունում Արթուր Դավթյանը, իհարկե, կարա մեդալակիր դառնալ»:
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և օլիմպիական գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Օգոստոսի 3-ին ոսկե մեդալի համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։
Խաղերի ավարտին մոտ իրենց ուժերը կչափեն արդեն ազատ ոճային ըմբիշները՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։
Տոկիոյի խաղերին մասնակցում է 205 երկրի շուրջ 12 հազար 500 մարզիկ։