ՏԻՄ ընտրությունները Վրաստանում նշանակվել են հոկտեմբերի 2-ին

Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կկայանան ուղիղ երկու ամսից՝ հոկտեմբերի 2-ին։ Այդ մասին հրամանագիրը երեկ ստորագրել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Առաջիկա ընտրությունները թեև համապետական մարմինների ձևավորմանը չեն միտված, բայցևայնպես կարող են վճռորոշ դեր խաղալ Վրաստանի քաղաքական դաշտի՝ նախևառաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար։ Որոշ վրաց վերլուծաբանների համոզմամբ՝ ՏԻՄ ընտրությունները կարող են յուրատեսակ վստահության հանրաքվեի վերածվել քաղաքական այս ուժի համար՝ մի բան, որից «Վրացական երազանքում» կգերադասեին խուսափել՝ հաշվի առնելով վերջին ամիսներին նկատվող վարկանիշի անկումը։

Այս միտումը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ երեկ, երբ հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI պատվերով անցկացված հերթական հարցման արդյունքները։ Դրանց համաձայն, եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանան առաջիկա կիրակի, ապա իշխող քաղաքական ուժի օգտին կքվեարկի վրաց ընտրողների 28 տոկոսը։ Համեմատության համար՝ չորս տարի առաջ «Վրացական երազանքը» տեղական ընտրություններում 55 տոկոս ձայն էր ստացել։

IRI-ի տվյալներով, անկում է արձանագրել նաև Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժի` նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» վարկանիշը։ Եթե 2017-ի տեղական ընտրություններում այս ուժը ստացել էր ավելի քան 250 հազար ձայն՝ կամ 17 տոկոս, ապա այժմ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել Վրաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 14 տոկոսը։ Փոխարենն, ըստ IRI-ի հարցման, երկրի քաղաքական դաշտում իր դիրքերն է շարունակում ամրապնդել փետրվարին ներիշխանական տարաձայնությունների պատճառով հրաժարական ներկայացրած նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։

Ընդամենը մի քանի ամիս առաջ նրա կողմից ստեղծված «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, ըստ IRI-ի հետազոտության, վստահորեն զբաղեցնում է երրորդ տեղը։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Գախարիայի կուսակցությունը կստանար քվեների 9 տոկոսը։

Գախարիայի անհատական վարկանիշը, ըստ սոցիոլոգների, ևս բավական բարձր է։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա երկրորդին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ընդդիմադիր տրամադրությունների աճը հարցման հեղինակները բացատրում են վրաց հանրության շրջանում տիրող հոռետեսական տրամադրություններով։ Հարցման մասնակիցները 62 տոկոսը համոզված է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։

Ուշագրավ է սակայն, որ Վրաստանի հանրային կարծիքը պառակտված է հիմնականում ներքին խնդիրների շուրջ։ Արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում Վրաստանի բնակիչների շրջանում ակնհայտ միակարծություն է։ IRI-ի հարցման համաձայն՝ Վրաստանի չափահաս բնակչության մեծամասնությունը շարունակում է կողմ արտահայտվել երկրի որդեգրած արտաքին քաղաքական կուրսին։ Վրաստանի բնակիչների 83 տոկոսը ամբողջությամբ կամ մասամբ կողմ է արտահայտվում երկրի անդամակցությանը ԵՄ-ին, 77 տոկոսը՝ ՆԱՏՕ-ին։ Դրա հետ մեկտեղ հարցված վրացիների 56 տոկոսը միանշանակորեն կողմ է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ծավալմանը։ Եվս 22 տոկոսը այդ գաղափարը պաշտպանում է մասամբ։

Ինչ վերաբերում է մյուս հարևանների հետ հարաբերություններին, ապա Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ Վրաստանի հարցված բնակիչների 15 տոկոսի համոզմամբ երկրի կարևորագույն քաղաքական գործընկերը Ադրբեջանն է, ևս 11 տոկոսի պնդմամբ՝ Թուրքիան։ Հայաստանը, որպես Վրաստանի թիվ մեկ քաղաքական գործընկեր է մատնանշել վրացիների միայն հինգ տոկոսը։

Բնական է, որ IRI-ի մասնագետները չեն շրջանցել նաև վերջին մեկուկես տարիների ամենահրատապ թեման՝ կորոնավիրուսի համաճարակը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի մասնագետները նախևառաջ փորձել են պարզել վրաց հանրության վերաբերմունքը COVID -19 -ի դեմ պատվաստումներին։ Դատելով հարցման արդյունքներից՝ վրացիների շրջանում պատվաստումների գաղափարը մեծ ոգևորություն չի առաջացնում։ Հարցվածների հարաբերական մեծամասնությունը՝ 45 տոկոսը, պնդել է, թե որևէ պարագայում չի պատվաստվելու։ Եվս հինգ տոկոսը նշել է, թե կպատվաստվի միայն պետության կամ գործատուի կողմից պարտադրանքի պարագայում։

Սոցիոլոգներն, ի դեպ, նկատում են, որ պատվաստումների հանդեպ վերաբերմունքը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ կոնկրետ մարդու քաղաքական նախապատվություններից։ Այսպես, պատվաստվելու ամենամեծ ցանկությունը ցուցաբերում են իշխող «Վրացական երազանքի» աջակիցները։ Պատվաստումների նկատմամբ առավել հոռետեսորեն են տրամադրված Սաակաշվիլիի կուսակցության աջակիցները։ Հետազոտության ընթացքում «Ազգային միացյալ շարժման» կողմնակիցների 54 տոկոսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չի պատվաստվելու։