Եվրամիությունը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին բանակցություններ սկսել սահմանագծման ու սահմանազատման շուրջ և այս հարցում կողմերին աջակցելու պատրաստակամություն է հայտնում։ Այդ մասին Թվիթերում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կոչ անելով հեռացնել միմանցից երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին՝ իրավիճակի ապառազմականացման համար։
«Անկասկած, անհրաժեշտ է առավել ընդարձակ խաղաղ կարգավորում, Եվրամիությունը պատրաստ է աջակցել», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը։
Գրառումից առաջ նա հետախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։
Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շեշտել է, որ «Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը»։
Ադրբեջանի արտգործնախարարը, մինչդեռ, եվրոպացի զրուցակցին վստահեցրել է, թե Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ և կողմնակից է առկա խնդիրների դիվանագիտական կարգավորմանը։