Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող օրինագծի ընդունմանը նպաստել է ոչ միայն ամերիկահայ լոբբին, այլև արցախյան վերջին պատերազմն ու հայ-ադրբեջանական սահմանային սրացումները, կարծում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ երեկ է ընդունել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը։
«Կարծում եմ՝ մի քանի գործոն ազդեցություն ունեցան, դեռևս 2019-ին այդ միտումները կային, մասնավորապես Ֆրենկ Փալոնը, ով իր գործունեությամբ միշտ աչքի է ընկել և համառությամբ, դավանած սկզբունքներով, հստակ գործընթաց էր սկսել այդ ուղղությամբ, բայց պատերազմը լրացուցիչ ազդակ հանդիսացավ նաև մեր ամերիկացի գործընկերներին, որ սա անթույլատրելի է, և նման քայլերը միայն ավելի են արձակում Բաքվի ձեռքերը և պետք է դա հնարավորինս կասեցնել: Էլ չեմ խոսում նրա մասին, որ եռակողմ հայտնի հրադադարի մասին հայտարարությունից հետո Բաքուն գնաց նոր սադրանքների այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ սուվերեն տարածքի նկատմամբ», - ասաց պատգամավորը:
Հայրապետյանն ընդհանրապես անհրաժեշտ է համարում Ադրբեջանին զրկել որևէ տեսակ ռազմական օգնությունից։
Օրինագծով արձանագրվում է, որ 2022 թվականի բյուջեով Ադրբեջանը չի կարող միջոցներ ստանալ Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման հոդվածներով: Մինչդեռ ուժի մեջ կմնա օրենքի այն դրույթը, որը լիազորում է Ամերիկայի պաշտպանական գերատեսչությանը ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար սեփական հայեցողությամբ ռազմական սարքավորումներ տրամադրել այս կամ այն երկրին:
Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը կարող է որոշակի զսպող գործիք լինել Հայաստանին ուղղված ադրբեջանական ագրեսիան նվազեցնելու համար. «Օրինակ՝ որոշումները տարբեր պետությունների՝ նույն «Բայրաքթարների» մասեր չվաճառել Անկարային և Բաքվին՝ հասկանալով, թե դա ինչ նպատակով է իրագործվում: Ընդհանուր առմամբ սպառազինությունների արգելքը կամ վաճառքի արգելքը, իհարկե, կարող է միայն նպաստել տարածաշրջանում կայության հաստատմանը, որովհետև Բաքվի ախորժակն օր օրի մեծանում է, և Բաքուն հակված է հարցերը լուծել զենքի ճանապարհով՝ չկիրառելով դիվանագիտական գործիքակազմ, ավելի մերժելով երկխոսության հնարավորությունները»:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, համոզված է, որ օրինագծի ընդունմանն այլ գործոն է ազդել՝ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումը։ Վաշինգտոնին այլևս պետք չէ Ադրբեջանի տարածքը՝ ռազմական փոխադրումների համար, ասում է Քոչինյանը։
«Աֆղանստանում Միացյալ Նահանգները իր կոնտինգենտը դուրս է բերում այնտեղից և ինչպես հայտնի է, նախկինում Ադրբեջանի միջոցով տեղի էր ունենում այդ կոնտինգենտի մատակարարումներ, հիմա այդ ամեն ինչի կարիքը չի լինելու և ըստ էության նաև չկա դրա փոխարեն ֆինանսական որոշակի հատկացումների կարիք», - ընդգծեց Քոչինյանը:
Քաղաքագետն ընդունված օրինագիծը ճնշում չի համարում Ադրբեջանի նկատմամբ։ Քոչինյանի խոսքով՝ գործուն ճնշումն այն կլինի, երբ Միացյալ Նահանգները գործի դնի իրական քաղաքական ու տնտեսական ճնշումներ Բաքվի ու մասամբ էլ Մոսկվայի վրա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկ խմբի շրջանակներում։
«Եթե տարածաշրջանը դեռևս հետաքրքիր է Միացյալ Նահանգների համար, ապա իմ ասած փաստերը մենք պետք է տեսնենք, ընդ որում մենք պետք է տեսնենք հնարավորինս շուտ: Դա համապատասխան ճնշումն է Ադրբեջանին և եթե դրա կարիքը լինի նաև թեքել Ռուսաստանի վրա, որպեսզի Մինսկի խմբի համանախագահության բանաձևով բանակցությունները վերսկսվեն: Եթե դա չկա, նշանակում է՝ Միացյալ Նահանգները լռելյայն համաձայնվում է տարածաշրջանի քաղաքական վերաբաժանմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ու Արևմուտքի դուրսմղմանը այս տարածաշրջանից», - ասաց Արեգ Քոչինյանը:
«Հայ համայնքը և Ամերիկայի հայկական համագումարը միշտ աշխատում են ցանկացած հարցի շուրջ, որ օգնեն հայ ժողովրդին: Իսկ վերջին պատերազմը, որ տեղի ունեցավ, շեշտում եմ նորից, որ մինչ օրս տեղի է ունենում և կոնգրեսականները տեղյակ են, ավելի հասկացնում, ավելի օգնում է, որ հասկանան, թե սա ինչի համար է կարևոր», - նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
Վարդանյանը համոզված է՝ օրինագծի ընդունմանը ոչ միայն իրենց ջանքերն են նպաստել, այլ հայ համայնքի։ Ասում է՝ ակնհայտ է՝ Բայդենի վարչակազմը նպաստում է այն հարցերի կարգավորմանը, որոնք տարիներ շարունակ մտահոգել է ամերիկահայ համայնքին. «Կարծում եմ՝ ավելի դրական փոփոխություններ նույնիսկ կարող ենք սպասել»: