Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանների երկայնքով բռնությունների վերջին սրացումները` կոչ անելով հնարավորիս շուտ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովու ներքո։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի իրենց պարտավորությունները անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Պեպդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում նշված է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով պահպանվող լարվածությունը ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կկարգավորի չլուծված մնացած հարցերը, կարող է նորմալացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ հնարավորություն տալով տարածաշրջանի երկու ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ։ Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։
Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը և եռակողմ համաձայնությունների կատարմանը առնչվող հարցեր։ Մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանին լարվածության կապակցությամբ, Ֆիլիպ Ռիքերն ընդգծել է իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը։
Բայրամովը ամերիկացի դիվանագետին տեղեկացրել է սահմանային լարվածության մասին, մասնավորապես ասելով, թե հայական կողմից ադրբեջանական դիրքերի ինտենսիվ հրաձգության հետևանքով հուլիսի 23-ին ադրբեջանցի զինծառայող է զոհվել, իսկ հուլիսի 28-ին ևս երկուսը վիրավորվել են։ Նա ասել է, թե ադրբեջանական կողմը ի պատասխան այս սադրանքների համապատասխան միջոցների է դիմել ու պահպանել իր սահմանային դիրքերը։ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը հետաքրքրված չէ լարվածության սրացմամբ ու հավատարիմ է քաղաքական ու դիվանագիտական միջոցներով բոլոր վեճերի կարգավորմանը։ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը գիտակցի իր պատասխանատվությունը և դադարեցնի սադրանքները։
Հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը Ռիքեր-Բայրամով հեռախոսազրույցի մասին։