Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը՝ սահմանազատման աշխատանքներն առանց բախումների անելու համար, կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաինյանը՝ հավելելով՝ հարցը պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։
Մինչ այս Փաշինյանն առաջարկել էր միայն Սոթք-Խոզնավար հատվածում՝ Սյունիքի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։
«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ շեշտելով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
«Առկա իրավիճակը հաշվի առնելով կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Իրադրությունը սահմանագծի երկարությամբ չի կայունանում
Խոսելով սահմանում տիրող վիճակից՝ Փաշինյանն արձանագրեց՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը նաև անպատասխան է թողնում իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։
«Ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը՝ առաջարկվող ֆորմատով», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրասատակամությունը։ Այսուհանդերձ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություներով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»։
Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների, ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո։
«Գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է, որ սա Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է», - հայտարարեց Փաշինյանը։
Հայաստանը չի քննարկել, չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց
Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, ասաց Փաշինյանն՝ ընդգծելով՝ ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում չկա որևէ միջանցք արտահայտություն, կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, իսկ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։
Վարչապետի պաշտոնակատարը վերահաստատեց՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց։
«Վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլ նաև գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում։ Տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան, այնպես էլ Ադրբեջանը պիտի Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունեն, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր։