Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կսկսի գործել աշնանից, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովի անդամ է։
«Թեկնածուների հայտերը սկսելու են ներկայացվել երևի օգոստոսի 5-ից, վերջնաժամկետը լինելու է օգոստոսի 15-ը։ Օգոստոսի 15-ին արդեն կկարողանանք ասել, թե ովքեր են դիմել մրցույթին մասնակցելու համար», - ասաց Իոաննիսյանը։
5 հոգուց բաղկացած հանձաժողովն է ընտրելու կոմիտեի նախագահի թեկնածուներին ու նրանցից առավելագույն միավոր ստացած 2-ին կամ 3-ին ներկայացնելու է վարչապետին։
«Երբ որ նշանակվի նախագահը՝ մեր ներկայացրած թեկնածուից մեկը, երբ որ նշանակվի նախագահ, և ինքն էլ նշանակի արդեն 20 հոգի ծառայող, էդ պահից ի վեր համարվում է, որ կոմիտեն ձևավորված է, էդ պահից ի վեր մենք ունենում ենք Հայաստանում նոր իրավապահ մարմին», - ասաց հանձնաժողովի անդամը։
Սակայն մինչ այդ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովը պետք է հստակեցնի կոմիտեի նախագահի ընտրության չափորոշիչները՝ ինչպես է գնահատումն իրականացվելու, որ հատկանիշը, որքան է գնահատվելու։
Դանիել Իոաննիսյանն ասում է՝ հիմնականում գնահատվելու են թեկնածուի անձական, մասնագիտական հատկանիշներն ու բարեվարքությունը։ «Մենք իմանանք, որ սա բարեվարք մարդ է, կոպիտ ասած, պոտենցիալ կոռուպցիոներ չէ», - նշեց Իոաննիսյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։